Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիայի դեմ պայքարել պետք է սկսել մանկապարտեզից. հակակոռուպցիոն փորձագետ (տեսանյութ)

Հասարակություն
nkarr

2018 թ. դեկտեմբերի 19-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագիծը։  Կառավարությունը այս ռազմավարության շրջանակում երկու մարմին է ուզում ունենալ, մեկը՝   կանխարգելիչ մարմին, որը կզբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ և կանխարգելմամբ և իրավապահ մարմին, որը կիրականացնի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությունը։ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշում է, որ նախագիծն ունի լրամշակման կարիք։ «Մենք կարծում ենք, որ պետք է ունենալ ոչ թե  երկու մարմին, որոնք կիրակականցնեն կոռուպցիայի դեմ պայքար, այլ լինի մեկ միասնական, անկախ ունիվերսալ մարմին»։ Փորձագետն ասում է, որ տարիներ շարունակ կառավարությունը ձեռնարկել է կոռուպցիայի դեմ պայքար, բայց լուրջ արդյունքներ չի գրանցել։ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը ծանրաբեռնված է, պնդում է նա։ Կան կետեր, որոնք նույնությամբ կրկնում են այլ փաստաթղթերում տեղ գտած դրույթները։  Կազմակերպությունը պատրաստվում է առաջարկություններ անել կառավարությանը, որպեսզի դրանք տեղ գտնեն նախագծում։ Փորձագետն առանձնացրեց դրանցից մի քանիսը. «Անհրաժեշտ է անկախ հակակոռուպցիոն մարմնի ներդրումը  Հայաստանում։ Ակտիվների վերադարձի ինստիտուտի զարգացումը և դրա հետ համապատասխանող լուծումներ՝ սիներգիաներ պետք է տրվեն դատական համակարգում կոռոիպցիայի վերացմանը։ Կարևոր խնդիրը նաև ազդարարման համակարգն է, մենք ունենք այն, նախատեսվում էր, որ 2018 թ. հուլիսից պետք է գործարկվեր անանուն էլեկտրոնային հարթակը, որի միջոցով քաղաքացիները կարող էին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին  հաղորդել գլխավոր դատախազությանը, բայց այն դեռևս չի գործարկվում։ Օրենքում փոփոխություն  արվեց և այն տեղափոխվեց  2019 թ. հունվարի 1-ը, բավական ժամանակ է անցել, բայց հարթակը դեռևս չի գործում»։ Կոռուպցիայի դեմ պայքարը երկարատև աշխատանք է պահանջում։ Ըստ փորձագետի, ասյօր  հասարկությունը ակնկալում է, որ պետությունը լուրջ քայլեր կձեռնարկի կոռուպցիայի դեմ պայքարում։ Հաճախ  կոռուպցիա ասելով միայն կաշառք են հասկանում, նշում է հակակոռուպցիոն փորձագետը։ Հովանավորչություն, պաշտոնական դիրքի չարաշահում, յուրացում՝ սրանք նույնպես կոռուպցիա են։ Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը  պետք է սկսել  մանկապարտեզից։ Խաղերի, դասագրքերի, նույնիսկ ԲՈՒՀ-ական ծրագրերում պետք է լինի հակակոռուպցիոն ծրագրեր։ «Երեխաներին պետք է հասկացնենք, որ կոռուպցիան լուրջ չարիք է հասարակության համար»։ Ըստ նրա՝ Հայաստանում ամենաշատ կոռումպացված ոլորտներն են սոցիալական, առողջապահական, հանրային ծառայությունների մատուցման բնագավառները։ Սյուզաննա Սողոմոնյանը կարծում է, որ հակակոռուպցիոն ռազմավարության այս նախագիծը կաշխատի Հայաստանում։ «Համակարգման բարեփոխումների արդյունքում կարծում եմ, որ կաշխատի, բայց միայն հանրության, քաղհասարակության հետ համագործակցության արդյունքում»։