Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս խորհրդարանը չի կարող երկար կյանք ունենալ. Ալեք Ենիգոմշյան

Հարցազրույց

Հարցազրույց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ  -Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էին տարբերվում այս ընտրությունները նախորդներից: -Իհարկե երկրում միջավայր է փոխվել, մթնոլորտ է փոխվել, և չկա այն պարտադրանքը: Նաև ժողովրդի վերաբերմունքը փոխված է: Իշխանությունների կողմից չկար պարտադրանք, վարչական ռեսուրսների օգտագործում, կար ազատություն, մարդիկ պարտադրված չէին քվեարկում. այս բոլոր առումներով փոխվել է, իսկապես փոխվել է: Նաև իհարկե ընտրակաշառք, չենք կարող ասել, որ ընդհանրապես չի եղել այս օրերի ընթացքում, բայց համեմատելի չէ: Իհարկե որպեսզի մենք ունենանք իսկապես այնպիսի Ազգային ժողով, որտեղ ազգաբնակչության, ժողովրդի, քաղաքացիների տարբեր տեսակետներ են ներկայացվում, տարբեր շերտերի և՛ շահերը, և՛ տեսակետները: Այդ առումով մենք դեռևս բավականին ճանապարհ ունենք գնալու: Առաջընթացը մեծ է, բայց ավարտուն չէ, վերջնական չէ: -Ինչո՞ւ «Սասնա Ծռերը» չանցավ խորհրդարան: -Ես առանց կասկածի կասեմ, որ կար հստակ ճնշում: Այդ ճնշումը հստակորեն պետք է ասել, որ դրսից էր ավելի շատ՝ հյուսիսի մեր հարևանի կողմից: Մենք դա հասկացել էինք և զգացել էինք վաղուց: Այդ դրսի ուժերը և՛ բացահայտ, և՛ թաքուն կերպով խնդիր դրել էին, որպեսզի «Սասնա Ծռերը» չանցնեին: Դա դրսևորվել է տարբեր ձևերով. հանրության մոտ կարծիքի ձևավորման բավական համալիր, կոմպլեքս միջոցներով և առանձնակի ճնշումներով: Իհարկե այս բոլորի կողքին ես նաև չեմ բացառում, որ մեր կողմից եղել է իրավիճակի ոչ ճիշտ գնահատանք, մարտավարական: Ես չեմ ուզում «Սասնա Ծռերի» խորհրդարան չանցնելու, այսպես ասած, մեղքը բարդել միմիայն մեզնից անկախ այլ գործոնների վրա, հատկապես՝ արտաքին գործոնների վրա: Դա կա, եղել է այդ արտաքինը, բայց ցանկացած քաղաքական ուժ, որը ձախողություն է կրում, պարտադիր ինքը պետք է նաև ուսումնասիրի, քննարկի, թե արդյո՞ք ինքն իր կողմից ռազմավարական, մարտավարական սխալներ արել է, թե՝ ոչ: Եվ ես անձամբ կարծում եմ, որ մենք պետք է այդ ներքին քննարկումն անենք: Հետևաբար ուզում եմ ամփոփել՝ ասելով, որ չանցնելու պատճառները զուգահեռաբար և՛ արտաքին էին, և՛ միգուցե նաև ներքին՝ մեր սուբյեկտիվ սխալները: -Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում «Սասնա Ծռերի» գործունեությունը խորհրդարանից դուրս: -Մենք այն նախընտրական ծրագիրը, որ ունեցել ենք, մեզ համար մնում է ուժի մեջ: Եվ մենք, ինչպես որ ընտրությունների նախօրեին ասել էինք մեր նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, կարծում ենք, համոզված ենք, որ այս խորհրդարանն օբյեկտիվորեն չի կարող շատ երկար կյանք ունենալ, որովհետև մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները և ներկա խորհրդարանի ոչ այնքան պատրաստի վիճակում լինելն՝ այդ մարդահրավերների դիմագրավելու, ոչ թե մեր պարտադրանքով, այլ՝ օբյեկտիվորեն բերելու է նրան, որ 1.5-2 տարվա ընթացքում, 2 տարի անց ստեղծվելու է իրավիճակ, որը պահանջելու է նոր ընտրություններ: Մենք պետք է պատրաստվենք այդ ընտրություններին: Մինչ այդ պետք է մեր «տնային աշխատանքը» ավելի լավ կատարենք, պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ աշխատենք: Որովհետև նաև պարզ է, որ չնայած «Սասնա Ծռերը» որպես կուսակցություն նոր է, բայց անդամները նոր չեն քաղաքականության մեջ: Բայց դրանով հանդերձ բոլորը գիտեն, որ մեծ մասը կալանավորումից նոր էր դուրս եկել, և կուսակցությունը գրանցվելու խնդիր ուներ և այլն: Այսինքն՝ ժամանակի մեջ տեղավորվելու լուրջ խնդիրներ նաև ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ այս եկող ժամանակները կդարմանեն այդ վիճակը, և մենք հանգիստ քաղաքական մեր գործունեությունը կծավալենք: