Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հաշվետվություն է ներկայացրել
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի հաշվետվությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին ներկայացրել են ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր մարզիչները: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Թաթուլ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության համաձայն 2018թ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին մասնակցել են միայն երկու առաջատար մարզիկները՝ Ֆերդինանդ Կարապետյանն ու Արսեն Խանջյանը: Նա որպես ձեռքբերում նշել է Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակը 2018թ Եվրոպայի առաջնությունում: Ֆեդերացիայի ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են նաեւ, որ հայ ձյուդոյիստները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում 2019 թվականին տեղի ունենալիք մրցումներին, քանի որ դրանք վարկանիշային են եւ լավ հնարավորություն են տալիս 2020թ ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերելու համար: