Մենք կոռուպցիայի դեմ անարդյունավետ էինք պայքարում. ՀՀԿ թեկնածու (տեսանյութ)
«Հաջորդ խորհրդարանը լիարժեք չի արտահայտելու հասարակության տրանադրությունները»,- ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Խորհրդարանում կլինեն մարդիկ, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, փորձի պակաս ունեն։ Ընտրություններից հետո մենք կկորցնենք ժողովրդավարության ձեռքբերումները եւ դիկտատուրա կհաստատվի»,- ասաց նա։ «Ովքեր որ ի զորու են մտածել, ովքեր կարող են կշռել , այդ մարդիկ կընտրեն Հանրապետականին»,- համոզմունք է հայտնում պատգամավորի թեկնածուն։ «Ում էլ որ ընտրեք, կշռադատված արեք ձեր քայլը, ոչ թե էյֆորիայի ֆոնի վրա»։ «Եթե Նիկոլ Փաշինյանը չմանիպուլացնի հասարակությանը, կառավարել չի կարողանա։ Գործող իշխանություններին բարիկադների բաժանելը ձեռնտու է։ Նրանք հայտարարում են, որ ընտրություններից հետո բոլոր հարցերը լուծվելու են, բայց դա խաբկանք է»։ Չնայած դրան Արտակ Զաքարյանը ողջունում է կոռուպցիայի դեմ պայքարը եւ շեշտում. «Կոռուպցիայի դեմ պայքարը չեն տանում նախընտրական հարթակից, այլ դրանով զբաղվում են համապատասխան կառույցներում»։ «Ա1+»-ի հարցին ի պատասխան հանրապետական թեկնածուն նշում է ՀՀԿ-ի կառավարման շրջանում ձեռքբերումներն ու բացթողումները. «ՀՀԿ-ի ձեռքբերումները շատ են, բայց ամենակարևորներից մեկը ստատուս քվոյի պահպանումն էր իսկ ձախողումներից՝ կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարը։ Մենք ավելի շատ կենտրոնացել էինք արտաքին քաղաքականության վրա եւ չէինք նկատում հասարակության դժգոհությունը, բողոքը»։