Ֆուտբոլի Հայաստանի առաջնության աշնանային հատվածն ավարտվեց մեծ անակնկալներով
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կայացան 19-րդ տուրի վերջին երկու հանդիպումները: Մրցաշարի ետնապահ Երեւանի «Արարատը» սեփական դաշտում անսպասելի հաղթեց առաջնության ընդգծված առաջատար «Ալաշկերտին», ընդ որում արարատցիները հանդիպման մոտ կեսն անցկացրին 10 հոգով (48-րդ րոպեին կարմիր քարտով դաշտից հեռացվեց Վարդան Արզոյանը): Հանդիպման միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Գոռ Պողոսյանը: Այդպիսով, «Արարատը» երկրորդ հաղթանակը տարավ նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ, վաստակեց 13 միավոր եւ բարձրացավ նախավերջին 8-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Արցախին»: «Ալաշկերտն» իր ակտիվում եղած 33 միավորով պահպանեց 1-ին հորիզոնականը: Անակնկալ գրանցվեց նաեւ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղում: Երրորդ տեղում ընթացող փյունիկցիները սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեցին 7-րդ տեղում գտնվող կապանցիներին: Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մանասյանը, Օհանյանն ու Մուսոնդան, իսկ տանտերերից պատվի միակ գնդակը խփեց Էրիկ Վարդանյանը, 89-րդ րոպեին, 11մ հարվածով: Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 22 միավոր եւ հավասարվեց 6-րդ տեղում ընթացող «Շիրակին»: «Փյունիկը» 27 միավորով մնաց նույն 3-րդ հորիզոնականում: Այդպիսով, ավարտվեց առաջնության աշնանային հատվածը: Մրցաշարը կվերսկսի 2019թ մարտի սկզբին: