Բակո Սահակյանին հորդորում եմ՝ կարգի հրավիրի իր կառավարության աշխատակիցներին․ Փաշինյան (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Գեղարքունիքի մարզում։ Այս պահին դաշինքը Ճամբարակ համայնքում է: Արցախյան հարցին անդրադառնալով, «Իմ քայլի» առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հետևյալ արտահայտությունը. «Հայաստանում ավելի պրոհայկական և պրողարաբաղյան դիրքորոշում ունեցող կառավարություն երբեք չի եղել: Ես դրա համար նշեցի , որ առաջին ղեկավարն եմ ՀՀ-ում, ում որդին զինվորական ծառայություն է անցնում ԼՂՀ-ում»: Հետևելով համացանցում որոշ գրառումների, Փաշինյանն ասաց , որ իր վերոնշյալ հայտարարության վերաբերյալ վերնագրեր է նկատել՝ «Շահարկումներ», «Էժան շահարկումներ», որ այս վերնագրերի տակ եղել են գրառումներ Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառության վերաբերյալ: Այնուհետև Փաշինյանը պարզաբանում է ծառայության վերաբերյալ իր ասածը. «Բնականաբար, այս շարքում նկատի եմ ունեցել Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և ես և Սերժ Սարգսյանը տղա չունի»: Մանրամասնեց նաև. «Ես գիտեմ նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդին, այո, ծառայություն է անցել, եթե չեմ սխալվում Շամշադինում»: Փաշինյանն անդրադառնում է այն խնդիրին, որ Արցախի իշխանության ներկայացուցիչներն էլ են արձագանքել իր ասածին: «Ես բացարձակապես չեմ հասկանում ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը»,- տարակուսեց նա: Իր գրառմանը ԼՂՀ ներկայացուցիչների արձագանքների մասին խոսելով՝ Փաշինյանն ասաց, որ հարցեր ունի այդ կապակցությամբ և այդ հարցերը կքննարկի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ասաց, որ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն օրը մեջ մեկնաբանություն է անում այս թեմայի շուրջ: «Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրանց ուղարկի իրանց աշխատանքով զբաղելու»,- կոչ արեց Փաշինյանը: