Live.Քաղաքական դեբատ` «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» խորագրով (տեսանյութ)
Նոյեմբերի 29-ին, ժամը 14:30-ից 16:30-ը՝«Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում: «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» խորագրով քաղաքական դեբատն իրականացվում է «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» և «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրերի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Հանդիպմանը հրավիրված են Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի թեկնածուները, ինչպես նաև տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դեբատների նպատակն է Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ուշադրությունը հրավիրել ընտրազանգվածի կեսից ավելին կազմող կանանց վերաբերող հիմնախնդիրների վրա․ կանայք որոշումների կայացման մակարդակում, աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականության հիմնահարցեր, հաշմանդամություն ունեցող կանանց հարցեր, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքներում ապրող կանայք և այլն: Մենք ակնկալում ենք, որ քաղաքական ուժերը ոչ միայն նախընտրական փուլում, այլև ընտրվելու դեպքում կբարձրաձայնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից և լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ: Նախաձեռնության նպատակն է նաև խթանել երկրում քաղաքական բանավեճի մշակույթը՝ որպես քաղաքակիրթ և բովանդակային ընտրապայքարի կարևոր բաղադրիչի: