Պարգեւատրություններ սպորտի նախարարությունում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը այսօր հաճելի անակնկալ էր պատրաստվել հայկական սպորտի ներկայացուցիչներ Հարություն Յավրյանի եւ Մարտին Շարբաթյանի համար: Ինչպես նշում է նախարարության ֆեյսբուքյան էջը, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Յավրյանին նախարարը պարգեւատրել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար ՀՀ վաստակավոր մարզիչ Մարտին Շարբաթյանն արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչմանը եւ պարգեւատրվել համանուն կրծքանշանով: «Պարոն Յավրյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից է, մարդ, որի ավանդն անգնահատելի է հայկական սպորտի մեջ: Ուրախությամբ եմ հանձնում սպորտի պատվավոր աշխատողի կրծքանշանը Մարտին Շարբաթյանին՝ վստահ լինելով, որ նա հետագայում եւս շարունակելու է իր քրտնաջան աշխատանքը հեծանվային սպորտի զարգացման եւ մասսայականացման ուղղությամբ», - պարգեւատրման արարողության ժամանակ ասել է նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: