Հայաստանը ջախջախեց Ջիբրալթարին, Յուրա Մովսիսյանը չորս գոլ խփեց (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ընտրական փուլի 5-րդ խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Ջիբրալթարի ազգային թիմի նկատմամբ: Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ հավասար պայքարում: Խաղի 10-րդ րոպեին Դե Բարն առաջ մղեց տանտերերին, սակայն 17 րոպե անց Յուրա Մովսիսյանը վերականգնեց հավասարակշռությունը: Ընդմիջումից հետո խաղն արդեն անցավ Հայաստանի բացահայտ առավելությամբ: Առաջին խաղակեսում աչքի ընկած Յուրա Մովսիսյանը վեց րոպեում երեք գոլ խփեց եւ դարձավ պոկերի հեղինակ: Հանդիպման 66-րդ րոպեին մեր թիմի նորեկ Արթուր Քարտաշյանը հինգերորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը: 78-րդ րոպեին Փրիսլին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 90+4-րդ րոպեին փոխարինման մտած Ալեքսանդր Կարապետյանը դիպուկ հարվածով վերջակետ դրեց այդ գոլառատ հանդիպմանը՝ 2:6: Այդպիսով, Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում եւ վաստակեց 9 միավոր: Մեր թիմը շարունակում է հետապնդել Մակեդոնիայի ընտրանուն, որն այս տուրում 1:0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին և վաստակեց 12 միավոր: