Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարմնամարզիկը զորակոչվելուց հետո այլեւս չի կարող զբաղվել իր մարզաձեւով». գլխավոր մարզիչ (տեսանյութ)

Սպորտ
sport-gimnastika

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ամփոփելով Դոհայում կայացած աշխարհի առաջնության արդյունքները, նշեց, որ մեր մարմնամարզիկները չնայած հասան պատմական հաջողությունների, սակայն կարելի էր ավելիին ձգտել: «Մեր 5 մասնակիցներից երեքն իրավունք ստացան մասնակցելու առանձին գործիքների եզրափակիչներին, ըդ որում երկուսը՝ Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը որակավորման փուլում ցույց էին տվել երրորդ արդյունքը, ինչը նշանակում էր, որ նրանք մեդալի ռեալ թեկնածուներ են: Բայց եզրափակիչում, կարելի է ասել, զգացնել տվեց մրցակցության լարվածությունն ու փորձի պակասությունը: Արթուր Թովմասյանը, որն առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը, զբաղեցրեց 4-րդ տեղը: Այդ արդյունքն ավելի հիասթափեցնող է, քանի որ մի բան է գրավել 7-8-րդ տեղերը, այլ՝ վերջին պահին դուրս մնաց մրցանակային եռյակից: Ինչեւէ, մեր նպատակն էր մեր ուժերով հանդես գալ թիմային մրցումներն եւ պարզել, թե որքանով ենք պատրաստ հաջորդ տարվա մրցումներին, որոնք վարկանիշային են լինելու եւ առաջին 12 տեղերը գրաված թիմերը իրավունքն են ստանալու մասնակցել եվրոպական խաղերին ու 2020թ օլիմպիական խաղերին», - ասեց փորձառու մասնագետը: Հակոբ Սերոբյանը հավելեց, որ այսօր հանդիպել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի հետ ու քննարկել մարզաձեւ հետ կապված խնդիրները: Նա հատկապես կարեւորել է մարմնամարզիկների զորակոչի հետ կապված հարցը: «Բոլորը պետք է ծառայեն բանակում: Անպայման: Բայց օրենք է գրվել, կանոնադրություն, որ մինչեւ 5-րդ տեղն է ստանում տարեկետում: Դա մեր համար շատ դժվար է: Կարծում եմ, որ այդ օրենքը քննարկելիս պետք է հաշվի առնել մարզաձեւերի առանձնահատկությունները: Բացի այդ, գալիք երկու տարում կարեւոր մրցումները կայանալու են Բաքվում: Մենք, բնականաբար, չենք մասնակցելու, սակայն այն բաց թողնող մարմնամարզիկները կարող է տարեկետում չստանան: Մարմնամարզիկը զորակոչվելուց հետո այլեւս չի կարող զբաղվել մարմնամարզությամբ, քանի որ երեք օր շպագատ չանելու դեպքում մարմնամարզիկներն արդեն խնդիրներ են ունենում», - պարզաբանեց Հակոբ Սերոբյանը: «Ա1+»-ի հարցին, թե ինչպիսի վիճակում է գտնվում մարմնամարզության մասսայականությունը հանրապետությունում, գլխավոր մարզիչն ասաց. «Շատ վատ: Խորհրդային տարիներին մարմնամարզությունը պարտադիր առարկա էր դպրոցներում: Այսօր դա չկա: Դրա հետ կապված չկան մարմնամարզության դպրոցներ, դահլիճներ: Գյումրիում մարմնամարզույունը գոյատեւում է Երանոսյան Խաչիկի ջանքերով: Վանաձորի մարմնամարզության դպրոցում միայն մեկ գործիք է տեղավորում: Մենք հիմնականում նորմալ պարապում ենք երկու մարզադպրոցում: Մարմնամարզությունը որքան մասսայական լինի, այնքա օգուտ կտա եւ մարզաձեւին, եւ մարդկանց, քանի որ մարմնամարզություն նշանակում է մարմնի մարզում», - եզրափակեց հավաքականի գլխավոր մարզիչը: Նշեքն, որ մեր հավաքականը այս տարվա նոյեմբերի 20-ից սկսած մասնակցելու է վարկանշային մրցաշարերի, որտեղ խաղարկվելու են 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր: