Փաշինյանը հավանել է Սերժ Սարգսյանի վրայով կարած բաճկոնը. ՀԴԿ նախագահ (տեսանյութ)
«Իշխանությունը հասկացավ, որ հին Ընտրական օրեսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը լավ հնարավորություն է միանձնյա իշխանության համար»,- այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով` դժվար չէր Ընտրական նոր օրենսգիրք ընդունելը: «Իշխանությունը չցանկացավ խնդիրներ ունենալ Վենետիկի հանձնաժողովի հետ, քանի որ հայտարարվել էր, որ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրք փոխել պետք չէ»: Արամ Սարգսյանը չի բացառում, որ նոր խորհրդարանում նոր դեմքեր լինեն, բայց քանի որ Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, մեծ փոփոխություններ ակնկալել պետք չէ: «Տպավորություն եմ ստացել, որ Սերժ Սարգսյանի կարած քաղաքական բաճկոնը, շատ է դուր եկել նաև Նիկոլ Փաշինյանին»: Նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը նույնպես այն կարծիքին է, որ հին Ընտրական օրենսգիրքը իշխանությանը ձեռնտու է: «Հերթական անգամ խորհրդարանը լինելու է ոչ լեգիտիմ: Այն օրենսգիրքը, որով քաղաքացին չի ընտրում 51%-ից ավելիին, լավը չէ»: Ըստ նրա՝ հին օրենսգիրքը գրված էր այնպես, որ հնարավորություն էր տալիս ընտրակաշառք բաժանել և որը անում էր նախկին իշխանությունը: Նույնը լինելու է նաև այս իշխանության պարագայում: «Այն մարդիկ, որոնք սովոր են կաշառք բաժանելուն, այս ընտրություններում էլ են անելու: Միևնույն է բաժանելու են: Բռնվողներ ու նստողներ լինելու են»: