Քանի ռեյտինգային թեկնածու կարող են ունենալ քաղաքական ուժերը
Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը պետք է հայտերը ԿԸՀ ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18։00-ն։ ԿԸՀ-ն սահմանել է, թե 13 ընտրատարածքից որում մեկ քաղաքական ուժն առավելագույնը քանի ռեյտինգային թեկնածու կարող է ունենալ։ Ըստ այդմ՝ թիվ 1 ընտրատարածքում քաղաքական ուժի առավելագույն ռեյտինգային թեկնածուների թիվը կարող է լինել 13։ Այս ընտրատարածքը ներառում է Երևանի Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները։ Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) տարածքային ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը 14 է։ Թիվ 3-ում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) առավելագույն թիվն է 15։ Թիվ 4-ում՝ (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) 13։ Թիվ 5-ում՝ Արարատի մարզ, 14։ Թիվ 6-ում՝ Արմավիրիմարզ, 15։ Թիվ 7-ում՝ Արագածոտնի մարզ, 7։ Թիվ 8-ում՝ Գեղարքունիքի մարզ, 12։ Թիվ 9-ում՝ Լոռու մարզ, 15։ Թիվ 10-ում՝ Կոտայքի մարզ, 15։ Թիվ 11-ում՝ Շիրակի մարզ, 15։ Թիվ 12-ում՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, 10։ Թիվ 13-ում՝ Տավուշի մարզ, 7։ Տարածքային թեկնածուների առավելագույն քանակը սահմանելիս հաշվի է առնվել տվյալ ընտրատարածքում հաշվառված ընտրողների ընդհանուր թիվը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ամեն ընտրատարածքում պարտավոր է առաջադրել նվազագույնը 5 թեկնածու։ Այսպիսով՝ ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է առաջադրի առնվազն 65 տարածքային թեկնածու, իսկ առավելագույնը՝ 165։