Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Փաշիկյան. Շանթի աշխարհի չեմպիոն դառնալն անակնկալ չէր

Սպորտ
sport-chess-2.11.

Շախմատի աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Շանթ Սարգսյանը եւ նրա մարզիչ Արման Փաշիկյանը այսօր հանդիպեցին լրագրողների հետ եւ փորձեցին պարզաբանել Հունաստանում ձեռք բերած հաջողության գաղտնիքները: «Բավական հետաքրքիր մրցաշար էր: Վերջին, ամենակարեւոր խաղում, ոչ-ոքի խաղալով դարձա չեմպիոն: Մեր տարիքային խմբում ընդհանուր առմամբ լավ հանդես եկանք, ունեինք լավ շանսեր, պարզապես վերջում մի քիչ չհերիքեց մեր մյուս շախմատիստներին», - ասաց նորաթուխ չեմպիոնը: «Ես անսպասելի չեմ համարում Շանթի հաջողությունն աշխարհի առաջնությունում, քանի որ վարկանիշով նա 5-րդն էր եւ շատ քիչ էր զիջում իր մրցակիցներին: Պարզապես նա սիրում է զգուշավոր խաղալ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ նրան ասացի, որ պետք է ավելի ագրեսիվ ու հարձակողական շախմատ խաղա: Այս անգամ նա ավելի հաջող մեկնարկեց եւ մինչեւ վերջ պահպանեց առավելությունը»,- ասաց Արման Փաշիկյանը: Ինչպես նշեց գրոսմայստերը, մեր պատանի շախմատիստներն ընդհանուր առմամբ վատ հանդես չեկան, Տիգրան Սարգսյանը եւ Արթուր Դավթյանը կարողացան միջազգային կարգի նորմա լրացնել: Սակայն նա չի թագցնում, որ իր սպասելիքներն ավելի շատ էին: «Մենք եւս մի քանի մեդալներ էինք ակնկալում, քանի որ Արամ Հակոբյանն ու Աննա Սարգսյանը իրենց տարիքային խմբում 2-րդն էին վարկանիշով: Ցավոք, նրանք չդիմացան մրցաշարի լարվածությանը եւ պարտվեցին իրենց գլխավոր մրցակիցներին: Աննայի մոտ կարծես հոգնածություն նկատվեց, քանի որ նա մինչ այդ մասնակցել էր հանաշխարհային օլիմպիադային», - պարզաբանեց Արման Փաշիկյանը: Շանթ Սարգսյանը խոսելով առաջիկա անելիքների մասին, նշեց, որ Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվելու է պատանիների համաշխարհային օլիմպիադային: Մրցաշարը մեկնարկելու է նոյեմբերի 25-ին: Շանթ Սարգսյանից բացի թիմում ընդգրկվել են Արթուր Դավթյանը, Արմեն Բարսեղյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Աննա Խաչատրյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Մամիկոնյանը: Հավելենք, որ Շանթ Սարգսյանը սովորում է Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 դպրոցի 11-րդ դասարանում: Միաժամանակ սովորում է գրոսմայստերական դպրոցում, Արման Փաշիկյանի մոտ: