Ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությանը (տեսանյութ)
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի համոզմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է իշխանությանը։ «Նիկոլ Փաշինյանի ցուցակում կլինեն օլիգարխներ, որովհետև ակնհայտ է, որ նա մարզերում մարդ չունի»։ Արամ Հարությունյանը անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, դժգոհություն հայտնեց կառավարության աշխատանքի վերաբերյալ։Նա նշեց, որ իրենք մասնակցելու են արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձևաչափով կմասնակցեն, դեռ պարզ չէ։ «Մենք խնդիր ունենք անել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չլինի։ Բոլորը պիտի հասկանան, որ մենք իրավունք չունենք փոքր Հայաստանը ոտքի տակ գցել»։ Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նույնպես անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը, նշեց, որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությանը։ Ըստ Բաբայանի, եթե կառավարությանը պետք լիներ, ապա նոր Ընտրական օրենսգիրքը, անպայման կընդունվեր։ «Շատ ավելի շահեկան է, որ մարդիկ ընտրեն այն մարդուն, որին ճանաչում են և որ նա լավ հեղինակություն ունենա։ Այդ պարագայում նրանք ուշադրություն չեն էլ դարձնի տվյալ մարդու կուսակցական պատկանելիությունը»։ «Յուրաքանչյուր մենիշխանություն վտանգավոր է, որքան էլ, որ այն ընդունված լինի ժողովրդի կողմից։Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի կրկին քաղաքական մենաշնորհ լինի երկրում։ Պետք է բազմակուսակցական համակարգ լինի»,-ընդգծեց Բաբայանը։