Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը դեռ բուժզննում չի անցել

Սպորտ
sport-artur-14.09.

«Աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելու շանսեր ունեին Գրիգոր Գրիգորյանն ու Դավիթ Սաֆարյանը, սակայն նրանք երկու հաղթանակից հետո պարտվեցին քառորդ եզրափակիչում եւ դուրս մնացին պայքարից: Այսօր հավաքականում շատ են տարեց մարզիկները, ուստի արդեն սերնդափոխություն է հարկավոր թիմում: Սակայն դա պետք է կամաց-կամաց անել, առաջիկա երկու տարում, քանի որ տարեց ըմբիշները դեռ պետք են հավաքականին, որպեսզի երիտասարդները նրանցից փորձ եւ գիտելիքներ ձեռք բերեն՝ հետագայում միջազգային մրցումներում հաջող հանդես գալու համար», - այսօր կայացած մամուլի ասուլիսում այսպես ամփոփեց ազատ ոճի ըմբիշների ելույթները աշխարհի առաջնությունում Հայաստանի համապատասխան հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը: Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լիովին գոհ է թիմի ելույթներից: «Ինչպես գիտեք, մենք երկու բրոնզե մեդալ նվաճեցինք, 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը եւ 87-ում՝ Արթուր Շահինյանը: Մեդալին մոտ էր նաեւ 55կգ քաշային Նորայր Հախոյանը, որը պարտվեց միայն 3-րդ տեղի համար մարտում եւ զբաղեցրեց 5-րդ տեղը: Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, ապա նա երեք հաղթանակ տարավ, սակայն կիսաեզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց ռուսաստանցի ըմբիշին: Ավաղ, բրոնզե մեդալի համար գոտեմարտի նախավարժանքի ժամանակ զգացնել տվեց հին վնասվածքը, եւ բժիշկները որոշեցին, որ լավ կլինի, որ նա բաց թողնի մարտը: Եթե Արթուր Ալեքսանյանը մասնակցեր այդ մրցամարտին, ապա մենք թիմային հաշվարկով կզբաղեցնեինք 4-րդ տեղը: Իսկ այսպես մենք ճանաչվեցինք 6-րդը, ինչը շատ լավ արդյունք է աշխարհի առաջնությունում», - ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, մարզիչները նշեցին, որ 20-23 տարեկան ըմբիշների հավաքականները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Այնուհետեւ կորոշվի եկող տարվա ծրագիրը: Լեւոն Ջուլֆալակյանն ավելացրեց, որ Արթուր Ալեքսանյանը դեռ բուժզննում չի անցել, սակայն առաջիկայում նա պետք է շարունակի բուժման կուրսեր: «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք ճիշտ չէր լինի, եթե Արթուր Ալեքսանյանը բաց թողներ առաջնությունը, քանի որ դրանից առաջ նա առողջական խնդիրներ էր ունեցել նաեւ Վարշավայի միջազգային մրցաշարում, անվանի մասնագետն ասաց. «Եթե մենք անընդհատ կենտրոնանք վնասվածքների վրա, ապա ըմբիշները պարզապես պետք է ավարտեն ելույթները յուրաքանչյուր վնասվածքից հետո, քանի որ դրանք շատ-շատ են մեր մարզաձեւում: Ըմբիշները ստիպված են մարզվել և միաժամանակ բուժել վնասվածքները: Ուրիշ տարբերակ մենք չունենք», - եզրակացրեց փորձառու մասնագետը: