Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելվելու է ինտերնետ շահումով խաղերի իրականացումը

Պաշտոնական
kar

Կառավարության նիստում հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել վիճակախաղերի «բացառությամբ գովազդային վիճակախաղերի», ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, որոնք իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը: Կառավարությունը, ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը: Կառավարությունը ներկայացրել  է մի շարք հանգամանքներ և առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված նախագծերի ընդունման դեպքում զգալիորեն կնվազեն քննարկվող նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված ռիսկերը: Բացի այդ,   կառավարությունում քննարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կարգավորմանը և ռիսկերի նվազեցմանը: