Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշվում է Ջրբաշյանի 100-ամյակը

Պաշտոնական
0-2

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում  տեղի ունեցավ հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստը և եռօրյա միջազգային գիտաժողովի բացումը։ Հանդիսավոր նիստի ընթացքում, Մխիթար Ջրբաշյանի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Բարխուդարյանը, ակադեմիկոսներ Հանրի Ներսիսյանը, Նորայր Առաքելյանը, հայկական մաթեմատիկական միության նախագահ Յուրի Մովսիսյանը, հայտնի գիտնականներ, Մ․ Ջրբաշյանի աշակերտներն ու գիտական ուղղության շարունակողները՝ Հենրիկ Քոչարյանը, Անատոլի Կիտբալյանը, Արման Կարապետյանը, Աշոտ Ջրբաշյանը և այլոք: Նրանք նշեցին Մխիթար Ջրբաշյանի բացառիկ դերը տեսական մաթեմատիկայի համաշխարհային կարևորագույն ուղղությունների զարգացման, ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի հիմնադրման, ինչպես նաև բարձրորակ գիտական կադրերի պատրաստման, հայկական մաթեմատիկական դպրոցի հիմնադրման ու զարգացման և դրա միջազգային ճանաչմանը հասնելու գործում։ Ականավոր գիտնականի հոբելյանին նվիրված միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցում է շուրջ 50 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հունաստանից և այլ երկրներից: Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և Հայկական մաթեմատիկական միությունը, իսկ գիտաժողովի կազմակերպական կոմիտեի նախագահն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Հանրի Ներսիսյանը։ Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918թ սեպտեմբերի 11-ին՝ Երևանում, 2015թ-ի ցեղասպանությունից փրկված և Վանից Երևան գաղթած  Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941թթ սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ Իր դասախոս, իսկ հետագայում՝ նաև թեկնածուական թեզի գիտական ղեկավար Արտաշես Շահինյանի, ինչպես նաև հայտնի ռուս մաթեմատիկոս Մստիսլավ Կելդիշի դասախոսություններով ոգեշնչված, ընտրել է գիտությամբ զբաղվելու ուղին։ 1942-1945թթ. սովորել է ասպիրանտուրայում՝ դառնալով հայտնի մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի առաջին ասպիրանտը: 1945թ-ին նա պաշտպանել է իր «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեկնածուական ատենախոսությունը, որը մաթեմատիկայի գծով առաջինն էր ԵՊՀ-ում։ Դրա արդյունքների ընդլայնման ու զարգացման շնորհիվ ընդամենը 4 տարի անց, 1949թ-ին, 31 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է իր դոկտորական թեզը, որն իր պաշտոնական ընդդիմախոսներ, ականավոր մաթեմատիկոսներ Մ. Կելդիշի, Ա.Ի. Մարկուշևիչի, Ա. Օ. Գելֆոնդի կողմից գնահատվել է որպես խոշորագույն ներդրում կոմպեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությունում: 1953թ.-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1956թ.-ին, 38 տարեկանում՝ ակադեմիկոս։ 1943թ-ից Մ. Ջրբաշյանը դասավանդել է ԵՊՀ-ում, 1950թ.-ից եղել է ԵՊՀ պրոֆեսոր: 1957-1960թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական, ապա մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994թթ.՝ ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ: 1945-ից նա աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ-ում: 1955-1971թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ։ Մ. Ջրբաշյանը  եղել է ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի կազմակերպիչն ու հիմնադիր տնօրենը` 1971թ-ից մինչև 1989թ-ը, իսկ 1989-1994թթ՝ պատվավոր տնօրենը։ Նա 1966թ-ին հիմնադրել է ՀՍՍՀ ԳԱ-ի «Մաթեմատիկա» տեղեկագիրը  և եղել է դրա գլխավոր խմբագիրը մինչև 1994թ.-ը։ 1963-1973թթ. Մ. Ջրբաշյանը ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր, 1964-1977թթ. և 1982-1994թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ: Ջրբաշյանը շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Ջրբաշյանի ստացած արդյունքները ժամանակակից տեսական մաթեմատիկայի զարգացման կարևորագույն ուղղություններից են, նրա աշխատությունները միջազգային ճանաչում ունեն և աշխարհի ամենատարբեր երկրների մասնագետների կողմից հղվում ու զարգացվում են մինչ այսօր՝ իր մահից 24 տարի անց։ Առավել հայտնի են նրա «Интегральные преобразования и представления функций в комплексной области» (М., 1966), «Классы и граничные свойства функций мероморфных в круге» (М.,1993), «Harmonic analysis and boundary value problems in the complex domain» (Birkhauser Verlag, Բազել, Շվեյցարիա, 1993) ծավալուն մենագրությունները։ Նա դասախոսությունների շարքով հանդես գալ Իտալիայի, Կանադայի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների լավագույն համալսարաններում, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների։ Մ Ջրբաշյանը մեծ ավանդ ունի Հայաստանում ձևավորված մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման ու զարգացման, ինչպես նաև այդ դպրոցի միջազգային ճանաչման գործում: Մեծ է նրա վաստակը նաև բարձրագույն կրթության կազմակերպման, բարձր որակավորում ունեցող մաթեմատիկոսների պատրաստման գործում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Մխիթար Ջրբաշյանի կյանքն ավարտվել է 1994 թ. մայիսի 6-ին, Երևանում։