ՈՐՔԱ՞Ն Է ՎԱՍՏԱԿՈւՄ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀամաշխարհային սպորտում այսօր ամենամեծ գումարները պտտվում են ֆուտբոլում եւ պատահական չէ, որ հայտնի ֆուտբոլիստները տարեկան մի քանի միլիոն դոլար միայն աշխատավարձ են ստանում: Հայաստանում եւս ամենաբարձր վարձատրվող մարզիկները ֆուտբոլիստներն են, սակայն նրանց աշխատավարձները արտասահմանյան թիմերի համեմատ խորհրդանշական են:
Հայաստանում ամենալավ վարձատրվող թիմը «Փյունիկն» է, որը գտնվում է ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հովանավորության տակ: Հայրապետյանը, 90-ականների սկզբներին հիմնադրելով այս թիմերը, ամենաբարձր աշխատավարձն էր տալիս «Փյունիկի» ֆուտբոլիստներին, խրախուսում էր տարբեր առիթներով: Պատահական չէ, որ «Փյունիկը» վերջին 6 տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոնն է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` «Փյունիկի» ավագ եւ առաջատար Սարգիս Հովսեփյանը ամսեկան 5 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ է ստանում: Դա բնական է, քանի որ Հովսեփյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ երկար տարիների հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»:
«Փյունիկի» մյուս ֆուտբոլիստները շատ ավելի քիչ են ստանում` 300-ից 1000 դոլարի սահմաններում: Այս ակումբի խաղացողները նաեւ պարգեւավճարներ են ստանում յուրաքանչյուր հաղթանակի համար: «Բանանցում» ֆուտբոլիստների աշխատավարձը սկսվում է 300 դոլարից: Այստեղ հանդես եկող խաղացողների մեծ մասը հենց այսքան է վարձատրվում` գումարած պարգեւավճարները, որոնք տրվում են ցանկացած հաղթանակի դեպքում:
Կան ֆուտբոլիստներ, որոնք աշխատավարձը հասնում է 1000 դոլարի: «Բանանցին» հովանավորում են Դոնեցկի «Մետալուրգի» սեփականատերերը, որոնք սերտ համագործակցում են ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանի հետ: Հայտնի գործրարար Միքայել Բաղադասարովի «Միկան» եւս ֆինանսական խնդիրներ չունի: Այստեղ խաղացողները տարբեր գումարներ են վաստակում: Թիմի առաջատար Արմեն Շահգելդյանի աշխատավարձը գերազանցում է 1000 դոլարը: Շատ դեպքերում դա կախված է նրանից, թե որքան լավ կդրսեւորի իրեն Շահգելդյանը: Մյուս խաղացողների մոտ աշխատավարձը միջինը 350 դոլար է:
«Արարատը» հովանավորում են սփյուռքահայեր Վարդան Սիրմաքեշը եւ Հրաչ Կապրիելյանը: Այս ակումբում խաղացողների աշխատավարձները գրեթե չեն տարբերվում նախորդ երեքից, սակայն հազար դոլարից ավել վաստակող ֆուտբոլիստներ այստեղ չկան: Մոտ 300 դոլարին համարժեք դոլար են ստանում Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստները, որոնք նախորդ տարիներին ստիպված էին բավարարվել 40-50 հազար դրամով, իսկ շատերը դա էլ չէին ստանում, քանի որ ակումբը ֆինանսական ճգնաժամի մեջ էր: Այժմ պատկերը փոխվել է, քանի որ թիմ է վերադարձել ակումբի հովանավոր եւ նախագահ Գառնիկ Խաչատրյանը, որը հայտնի է «Օդոն» մականունով:
Կապանի «Գանձասարը» ֆինանսավորում է տեղի Պղնձամոլիբդենային գործարանը: Այստեղ լավ են վարձատրվում միայն Երեւանից հրավիրված ֆուտբոլիստները, որոնք ստանում են 500-1000 դոլար: Իսկ տեղացիները բավարարվում են ամսեկան 35 հազար դրամ աշխատավարձով: Բացառություն են կազմում 2-3 ֆուտբոլիստ:
Երեւանի «Ուլիսը» ըստ շրջանարռող լուրերի ֆինանսավորում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Այստեղ ֆուտբոլիստների աշխատավարձները տատանվում են 200-ից 500-ի սահմաներում:
Ամենավատը վարձատրում է «Կիլիկիան», որը պատկանում է «Հրազդան» հոլդինգի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին: Նախորդ տարիներին այս թիմի առաջատարները ստանում էին ընդամենը 200 դոլար, իսկ այս տարի այնտեղ հանդես են գալիս բացառապես երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց աշխատավարձը չի գերազանցում վերը նշված գումարի չափը:
Հ.Գ. Դոլարի արժեզրկումից հետո հայ ֆուտբոլիստների մեծ մասը եկամուտի զգալի կորուստ ունեցավ, քանի որ նրանք աշխատավարձը ստանում էին դոլարով: Դա որոշ դեպքերում ներքին խմորումներ առաջացրեց հայկական ակումբներում: