ԱԺ-ն ընդունել է վիճահարույց նախագիծը. Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա
Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Օրենքն ընդունվեց 67 կողմ ձայնով»,- փոխանցմամբ` նշեց Շարմազանովը: Ի դեպ Նիստից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը վերցրեց պատգամավորների քարտերը, որպեսզի քվեարկություն տեղի չունենա, սակայն որոշվեց քվեարկել ձեռքով։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ հայտնեց, որ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Հարցին, ինչու են սրել իրավիճակը, Շարմազանովն ընդգծեց, որ իրենք իրավիճակ չեն սրել` շեշտելով, որ այդ նախագիծն արտահերթ ընտրությունների դեմ չէ: «Այս օրենքը նրա համար էր, որպեսզի Ազգային ժողովը կարողանա իր սահմանադրական լիազորությունները կատարել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նշենք, որ քվեարկությունից հետո նիստերի դահլիճում վիճաբանություն սկսվեց, ինչը սակայն լրագրողների համար լսելի չէր, քանի որ խոսափողներն անջատված էին: Լրագրողները մուտք գործեցին նիստերի դահլիճ: Պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանը նշեցին, որ տեղի ունեցածն ակնհայտ ապօրինություն է, քանի որ քվեարկությունն անցկացվել է առանց քարտերի ու առանց նիստի ուղիղ հեռարձակման։ «Սա դեռ օրենքում փոփոխությունների ընդունում չէ, քանի որ այն պետք է ստորագրվի նախագահի կողմից մինչև ուժի մեջ մտնելը»,- նշեց Էդմոն Մարուքյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ելույթ կունենա Բաղրամյան պողոտայում: