«Շառլ Ազնավուրը միշտ երիտասարդ էր, երբեք իրեն ծեր չէր զգում»
Երեկվանից Երեւանը սգում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը։«Ազնավուր» կենտրոնը մարդաշատ էր։ Այստեղ բացվել էր սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, շանսոնյե Շառլ Ազնավուրի։ «Ազնավուրը ինձ համար եւ բոլորի համար ազգի հպարտությունն էր: Ազնավուրը իմ կյանքում աննկարագրելի դեր ունեցող անձնավորություն էր: Ոչ միայն իր երգերով է ինձ սովորեցրել, այլ նաեւ իր ամբողջ կյանքով: Երբ ինքն ասում էր, որ չի մահանալու եւ ապրելու է ավելի քան 120 տարի եւ անմահ է լինելու, ես հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ ինքը անմահացավ»,-«Ա1+»-ի հետ զրույցում հուզմուքնը չթաքցնելով նշեց Հեղինե Խաչատրյանը: Շաքե Կանաչյանն իրեն բախտավոր է համարում, որ ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի համերգին. «Անցյալ տարի Բրազիլիա եկավ եւ կարողացանք ներկա գտնվել իր համերգին: Մեզ հետ տարել էինք մեր եռագույնը, ցույց տվեցին, նա նայեց եւ ձեռքը տարավ դեպի սիրտը: Շատ հուզված ենք»: Միշտ երիտասարդ էր, երբեք իրեն ծեր չէր զգում: Անկեղծանում է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը. «Ես իրեն մոտիկից գիտեմ, մոտ 30 տարի, երկրաշարժից հետո, տարիների ընթացքում եւ փոխվում էր եւ չէր փոխվում: Չէր փոխվում, որովհետեւ ինքը Շառլն էր, փոխվում էր, որովհետեւ իհարկե մեծանում էր, նույնիսկ՝ ծերանում»: «Ես կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ եւ կարողանալ բացել դրանք»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Շառլ Ազնավուրը եւ ինքն էլ իր խոսքը գործ դարձրեց՝ իր երգերով հազարավոր դռներ բացելով դեպի մարդկային սրտեր։