Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 մլն. դրամ՝ չտրամադրված արձակուդների դիմաց. սպայի հայցն ընդդեմ ՊՆ-ի

Հասարակություն
colak

19 տարի Քարվաճառում ծառայած նախկին սպա  Ցոլակ Խաչատրյանը պաշտպանության նախարարությունից պահանջում է 10 միլիոն դրամի արձակուրդային վճար՝ չտրամադրած արձակուրդների դիմաց: Հայցն ընդդեմ ՊՆ-ի այսօր քննվում էր ՀՀ Վարչական դատարանում: Փաստաբան Կարեն Տոնոյանը նշում է. «Ի սկզբանե ՊՆ որոշումը կայանում էր նրանում, որ ընդամենը երկու տարվա դիմաց պետք է փոխհատուցում վճարեն, որը կազմում է 411 հազար դրամ»: Սակայն միայն երկու տարվա փոխհատուցումը Սահմանդրական դատարանը համարել է Սահմանադրությանը հակասող և մարդու իրավունքների խախտում:  Փաստաբանը կարծում է, որ ՊՆ-ն անտեսում է Սահմանադրական դատարանի որոշումը: «Քանի որ այն խտրական մոտեցում է ցուցաբերում զինծառայողների նկատմամբ: Ունենք մի իրավիճակ, երբ օրինակ դատարանի պահակը պետք է ստանար փոխհատուցում իր բոլոր չօգտագործված արձակուրդների համար, իսկ զինծառայողները միայն երկու տարվա համար: Այսինքն չկա սրա համար օբյեկտիվ հիմք, հոդվածը խտրական է զինծառայողների համար այդ իսկ պատճառով Սահմանադրական դատարանը ճանաչեց նորմը Սահմանադրությանը հակասող»,- նշում է փաստաբանը: Կոչումով մայոր Ցոլակ Խաչատրյանը զինված ուժերում ծառայության է անցել 1995 թ-ից: Ծառայել է որպես կուրսանտ, ապա որպես սպա: 2014թ.-ին դատապարտվել է երկուսուկես տարվա ազատազրկման՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու մեղադրանքով: Ցոլակ Խաչատրյանը ցանկանում է, որ իր դատական վիճարկումը նախադեպ լինի՝ զինծառայողներն իմանան իրենց իրավունքների մասին, պայքարեն դրանց իրագործման համար: Նրա խոսքով՝ խնդիրը համատարած է, բայց սպաները չեն դիմում դատարան: «Անընդունելի է այն վերաբերունքը, որը ցուցաբերվում է զինծառայողների նկատմամբ:  Պաշտպանության նախարարությունը կոչված է զինծառայողների շահերը պաշտպանելու, բայց այսօր այդպես չէ»,- ասում է Ցոլակ Խաչատրյանը:   Դատարանը վճիռը կկայացնի հոկտեմբերի 16-ին: