Հեռացավ կյանքից, բայց մնաց հավերժ՝ իր երգերում (տեսանյութ)
Կյանքից հեռացավ դարի լեգենդը՝ Շառլ Ազնավուրը: Հեռացավ կյանքից, բայց մնաց հավերժ իր երգերում։ Նրա համերգներն անվանում էին քնքշության, սիրո և կարոտի երկու ժամ: Էդիթ Պիաֆը, որը փոխեց նրա ճակատագիրը, ասում էր, որ «Ազնավուրն իսկական է»: Շառլ դը Գոլը կանխագուշակեց, որ Ազնավուրը կգրավի աշխարհը, քանի որ կարողանում է հուզել: Ազնավուրը գրավեց աշխարհը: Դարձավ ֆրանսիական շանսոնի արքա, աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան: Նրա երգերն ուղեկցում են արդեն մի քանի սերնդի, իսկ նա իր կյանքը չէր պատկերացնում առանց երգի, առանց բեմի ու շարունակում շրջել աշխարհով մեկ: Նա հավատարիմ մնաց իր հայկական արմատներին, մնաց Քնար և Միշա Ազնավուրյանների որդին։ «Իմ հավերժ սերը Հայաստանն է, իմ նախնիների երկիրը»,- ասել էր Ազնավուրը հարցազրույցներից մեկի ժամանակ։ Իսկ իր պաշտոնական կայքում, Հայաստան կատարած իր վերջին այցից հետո գրեց. «Նրանց համար՝ ով չի ճանաչում Հայաստանը, դուք չգիտեք, թե ինչ եք բաց թողել այս կյանքում»։ Աշխարհի ամենաճանաչված հայը, որը յուրաքանչյուր հայի հպարտությունն էր, ոչ միայն խոսքերով, այլև գործերով ապացուցեց իր հավերժական սերը։ «ես սիրահարված եմ կյանքին։ Ապրեցեք այնպես, որ վայելեք կյանքը մինչև վերջ։ Արեք ամեն ինչ և դեռ ավելին»։ Ազնավուրի ապրած 94 տարիները նրա խոսքերի ապացույցն էր։