A
A
Ուղևորափոխադրումների մրցույթները թափանցիկ կլինեն
Ուղևորափոխադրողների հետ քննարկվեցին մրցույթների ընթացակարգին վերաբերող մանրամասներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 25-ին ընդունեց միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր նախորդ օրը բողոքի ակցիա էին իրականացրել նախարարության մոտ: Փոխադրողները ներկայացրին իրենց դժգոհությունները միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների ընթացակարգի ու կազմակերպչական հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընթացակարգի փոփոխությունների հնարավորությունները: Նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը ևս կողմնակից է մրցույթների անցկացման ու տրանսպորտային միջոցների գնահատման գործընթացի թափանցիկությանը: Նա վստահեցրեց, որ մասնակից բոլոր ընկերություններին տրվելու են հավասար հնարավորություններ, բացառվելու է կողմնակալությունը: Ընկերություններն էլ իրենց հերթին պետք է հաշվի նստեն գործող կարգի, մրցույթի համար ներկայացվող պահանջների հետ և փորձեն լավագույնս բավարարել դրանց: Արմեն Փամբուխչյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսվող մրցույթի մասնակիցները, որպես թափանցիկության երաշխիք, կարող են հրավիրել հասարակական կազմակերպությունների կամ ԶԼՄ ներկայացուցիչների՝ հետևելու հանձնաժողովի աշխատանքին և գնահատման գործընթացի օբյեկտիվությանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն