Խանդոյանի առողջական վիճակը՝ նիստի հետաձգման պատճառ
«Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարությունը դեռ չսկսված ավարտվեց: Նիստը տևեց ընդամենը մի քանի րոպե: Չնայած Արայիկ Խանդոյանը ներկայացել էր, նրա պաշպան Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ և պետք է բուժզննություն անցնի: Արայիկ Խանդոյանը Լեռնային Ղարաբաղի և ՀՀ սահմանները պաշտպանելու ժամանակ ստացել է գլխի հրազենային վնասվածքներ: Բայց նա բողոքում էր ոչ միայն այս վնասվածքներից: Փաստաբանը հիշեցնում է, որ նա մեկ տարի առաջ ծեծի էր ենթարկվել դատարանում, որն էլ ազդել է նրա առողջական վիճակի վրա: «Չեմ կարող ասել՝ դրանք կյանքին սպառնացող խնդիրներ են, թե ոչ, քանի որ բժշկական գիտելիքներ չունեմ, բայց տեսանելի էր, որ իր վիճակը լավ չէր»,- ասաց փաստաբանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը, բավարարելով միջնորդությունը, նիստը հետաձգեց 2 շաբաթով: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին: