Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքակիրթ ընտրապայքար է ակնկալվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-յյCapture

«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ կլոր սեղանի շուրջ էին հավաքվել Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը: Քննարկման նպատակը խաղի քաղաքակիրթ կանոնների շուրջ պայմանավորվածությունների ձեռք բերումն էր: Բանավեճին մասնակցում էին կուսակցությունների, դաշինքների ցուցակների 2-րդ համարները: Նախաձեռնության հեղինակների անունից Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք կարևորում են քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի բացառումը: Ըստ «Ժառանգության» 2-րդ համարի՝ պետք է հավասար պայմաններ երաշխավորվեն բոլորի համար և կարևոր է, որ բացառվեն կոռուպցիան ու ընտրակաշառքները: Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեց, որ կարող է շտաբային աշխատողների, կամավորականների ներգրավելու անվան տակ առանձին ուժեր փորձեն ընտրակաշառք բաժանել և Ոստիկանության ուշադրությունը հրավիրեց այդ խնդրին: «Լույս» դաշինքի անունից Դավիթ Խաժակյանն ասաց, որ ակնկալվում է բացառիկ ընտրություն, բացառիկ առողջ մթնոլորտում: Եվ այդ աշխատաոճը լինելու է թե՛ ի շահ Երևանի, թե՛ ի շահ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի: ԺՈւԿ ներկայացուցիչ Արթուր Գասպարյանն էլ կարծիք հայտնեց, որ առաջիկա ընտրությունը կլինի ծրագրերի մրցակցություն, իսկ լճացումից խուսափելու համար ցանկալի է, որ Երևանի քաղաքապետը չլինի երկրում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ: