Փողոցային մշակույթն ու առևտուրը կոլորի՞տ է, թե՞ խանգարող հանգամանք (տեսանյութ)
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ստիպված է բացատրություն տալ, թե ինչու են երեկ Հյուսիսային պողոտայում ոստիկանները բերման ենթարկել փողոցային երաժիշտներից երկուսին, որոնք Ուկրաինայից են: Օսիպյանի խոսքով, երաժիշտները ոչ սթափ վիճակում էին, վիճում էին իրար հետ, անցորդները դիտողություն էին անում, այդ պատճառով էլ ստիպված էին միջամտել: Երաժիշտներին բաց են թողել համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Արդեն մի քանի օր է, սոցցանցերում բուռն քննարկումների առիթ է դարձել փողոցային երաժշտության հարցը։ Կարծիքները տարբեր են։ Նույն պատկերը ստացվեց մեր հարցումների ժամանակ։ Անցորդներին հիմնականում դուր է գալիս, իսկ բնակիչներին այնքան էլ չէ: Նրանց խանգարում է աղմուկը, հոգնեցնում է օրվա ընթացքում մի քանի ժամ տևող միևնույն երաժշտությունը: Միևնույն ժամանակ, շատերը փողոցային երաժիշտների արվեստը համարում են Հյուսիսային պողոտայի մթնոլորտի մի մասը, հատկապես զբոսաշրջիկները։ Երաժիշտները լավ ժողովուրդ են, նրանք յուրահատուկ կոլորիտ են փոխանցում քաղաքին, նրա փողոցներին: Առանց նրանց հետաքրքիր չի լինելու», - ասում են նրանք: Քաղաքացիները խնդրի լուծման իրենց տարբերակներն են առաջարկում՝ այլ երկրների օրինակները բերելով: Ասում են՝ պետք է օրենք գործի, ըստ որի՝ մեկ տեղում կես ժամից ավելի նվագել չթույլատրվի: Ինչևէ, ՀՀ ոստիկանապետը ոստիկաններին հրահանգ է տվել՝ երգել եւ նվագել ավելի ցածր եւ միայն մինչև 23:00-ն: Ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել են նաև Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում մանկական խաղալիքներ, փուչիկներ և այլ մանր ապրանքներ վաճառողները: Նրանց թույլ չեն տալիս վաճառել իրենց ապրանքները: Առևտրականները պատրաստ են նույնիսկ հարկ վճարել, միայն թե իրենց գործունեությունը չարգելվի, քանի որ գումար վաստակելու այլ աղբյուր չունեն: «Ես հաշմանդամություն ունեմ, չեմ ուզում գնալ ու գողություն անել կամ պետք է թույլատրեն, կամ ինձ այլ աշխատանքով ապահովեն», - ասում է փուչիկների շրջիկ վաճառողը: Խաղալիք վաճառողները պնդում են, որ կշարունակեն բողոքել, մինչև հարցը լուծում ստանա: