Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իստամբուլ, Իստամբուլ» երգի համար Մարկ Արյանը պատժվեց դաշնակցականների կողմից» (տեսանյութ)

Մշակույթ
mark-aryan

1968 թվական, հոկտեմբեր։ Երևանը տոնում է իր 2750 ամյակը: Տոնական իրադարձությունների մեջ հայտնվելու է Մարկ Արյանը։ Անունը Հարություն էր, հայկական թուխ դիմագծերով, խոշոր ակնոցներով, 1936-ին ծնված, Ֆրանսիայի երկնքի տակ, հայի ընտանիքում։ Ինչի մասին էր երգում Մարկ Արյանը... Նա երգում էր սիրո մասին, եկող ու անցնող գարունների, հայրենիքից հեռու՝ հայրենիքի հանդեպ իր սիրո մասին։ Խորհրդային Միության միամսյա շրջագայության ընթացքում Մարկ Արյանը բազմաթիվ համերգներ էր տվել, սակայն համերգը, որ պետք է տար Երևանում, իր համար, թերևս՝ ամենակարևորն էր: Երևանյան համերգին պատրաստվել էր առանձնահատուկ։ Իր հետ բերել էր ամենաժամանակակից  ձայնային տեխնիկա ու գրել երգեր, որ առաջին անգամ պետք է կատարեր: Նա պետք է երգեր ոչ միայն համերգասրահում, այլև 30000 հանդիսականի առջև «Դինամո» մարզադաշտում, որն առաջին անգամ իր պատմության մեջ պետք է հյուրընկալեր երգչի։ Պերճ Թուրաբյանի ընտանիքը Հայաստան է հայրենադարձվել Եգիպտոսից՝ 1965-ին։ Հիշում է, որ այն ժամանակ Երևանը շատ ավելի ֆրանկոֆոն էր՝ Ազնավուր, Ռոզի Արմեն, Ադամո ու Սիլվի Վարդան էին լսում իր սերնդակիցները։  Մարկ Արյանը նույնպես սիրված երգիչ էր։ Պերճ Թուրաբյանը վերհիշում է Մարկ Արյանի երգերի տակ անցկացրած իրենց երիտասարդության, հուզումների, սիրո պահերը։  «Բիբլիական Արարատի հայացի ներքո, մեր հավերժ երիտասարդ քաղաքը այսօր ունկնդրում է Բելգիայի երկնքի տակ խարիսխ ձգած իր զավակին, որովհետև ինչքան էլ ուզում է նա լինի Մարկ Արյան, մեզ համար մնում է Մարգարյան Հարություն, որդի Գևորգի»,- գրեց երևանյան թերթերից մեկը։ «Երևանյան համերգներից հետո Մարկ Արյանը թողարկեց հայերեն երգերի ձայնասկավառակ։ Իմ սերնդակիցները հիշում են, որ ռադիոյով անդադար նրա երգերն էին հնչում,-ասում է պարոն Թուրաբյանը: -Ինչու՞ երգիչը մոռացվեց Հայաստանում։ Նրա մասին պտտվում էին տարբեր լուրեր, թե սիրահարվել է, իսլամ է ընդունել և գնացել Թուրքիա ապրելու: Ինչպե՞ս կարող էր Հայաստանում հայերենով «Սրբազան Հայրենիք» երգողը իսլամանալ: Ասում էին նաև, որ «Իստամբուլ, Իստամբուլ» երգի համար պատժվել է դաշնակների կողմից»։ Այդ օրերից անցել է հիսուն տարի։ Այս տարի հոկտեմբերին Երևանը կտոնի իր 2800 ամյակը։ Եվ միգուցե այդ տոնական օրերին մեր սիրելի քաղաքի մասին հարյուրավոր երգերի կողքին կհնչի Մարկ Արյանի «Երևանը»։ Միգուցե։  Հաստատ է մի բան, որ այսօր էլ կան Մարկ Արյանի երկրպագուներ, որոնք փնտրում են նրա երգերը համացանցում, պատմում նրա երգերի տակ անցկացրած իրենց երիտասարդության, սիրո լավագույն պահերի մասին։