Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ փաստաթուղթը բժշկական գաղտնիք է պարունակում

Քաղաքականություն
Grigoryan-Manvel

ՀՀ Արդարադատության նախարարությունը արձագանքել է  «Երեւան-Կենտրոն»  ՔԿՀ-ում գտնվող  Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին Օմբուդսմենի գրությանը։  Այս մասին «Ա1+»-ին հայտնեց    Մարդու Իրավունքների գրասենյակի հանրային Կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։  «Արդարադատության նախարարությունից ստացվել է անհրաժեշտ պարզաբանումը, բայց քանի որ դրանում բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ կան, այս պահին այլ տեղեկություններ  չեմ կարող տալ։ Գործը քննարկման ընթացակարգում է «,-ասաց նա։ Այստեղ նաեւ տեղեկացրեցին, որ հենց ձերբակալման առաջին օրը Մարդու Իրավունքների պաշտպանը այցելել է Մանվել Գրիգորյանին,  իսկ դրանից հետո մշտապես ակտիվ կապ են պաշտպանել Գրիգորյանի փասատաբանի հետ:  «Ինչ վերաբերում է նրա առողջությանը, ապա  լրացուցիչ այց է կատարվել քրեակատարողական հիմնարկ առողջապահական նյութերին ծանոթանալու նպատակով:  Հավելյալ տեղեկությունն տվել է նաեւ Գրիգորյանի փաստաբանը: Այդ ամենի մասին    ամփոփիչ գրություն էր կազմվել եւ  ուղարկվել է Արդարադատության նախարարություն համապատասխան հարցադրումներով»,-նշեց Նունե Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ահազանգել էր որ Գրիգորյանի  առողջական վիճակն անտանելի վատ է եւ  օր -օրի ավելի է վատանում։    «Այն նյութատեխնիկական բազան եւ բուժանձնակազմը, որով ՔԿՀ-ն հագեցված է, ծառայում է իր նպատակին, սակայն դա բավարար չէ գոնե վիճակը կայուն պահելու համար»,- ասել էր    նա։ Մանվել Գրիգորյան կալանավորվել է  հունիսի 19-ին , նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:  Նա մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։  Հոդվածը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: