Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում

Կարևոր լուրեր Պաշտոնական
7W8A5634

Կամուրջներ երկու ժողովուրդների միջև. ԱՄՆ դեսպանության ջանքերով ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում

 Գլոբալ շուկան անընդհատ սեղմվում ու նեղանում է, և մեր օրերում բուհն ավարտելուց հետո ցանկացած մասնագիտական ոլորտում աշխատանքի անցնելու համար անհրաժեշտ է, որ շրջանավարտները կարողանան առնչվել արտասահմանի և տարբեր մշակույթների հետ: Հենց այս նպատակով էլ ԱՄՆ պետքարտուղարության Արտասահմանյան ուսուցման ծրագիրը ամերիկացի ուսանողներին հնարավորություն է տալիս շփվել այլ մշակույթների հետ: Այս տարի ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հովանավորել է 7 ամերիկացի ուսանողների ամառային պրակտիկան Հայաստանում գործող ընկերություններում:

«Այսօր գործ ունենք գլոբալ տնտեսության հետ, ուստի երիտասարդների համար էապես կարևորվում է միջմշակութային իրողություններն ընկալելու ու պատկերացնելու կարողությունը: Ապագան պահանջելու է վերազգային համագործակցություն և նման պրակտիկաները գերազանց միջոց են անհրաժեշտ հմտություններ ձևավորելու համար», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Վեց շաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրենց ընդունած հայկական ընկերություններին ու կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, արտաքին կապերի պլանավորման, կամավորական աշխատանքի կառավարման և հաշվետվական մեխանիզմների մշակման հարցերում:  Պրակտիկայի վերջին շաբաթվա ընթացքում, ուսանողները հուլիսին իրենց ընդունող կառույցին և ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին ներկայացրեցին այն, ինչ արել են աշխատելով ասյտեղ:

Ամերիկացի ուսանողները պրակտիկա են անցել Հայաստանի հետևյալ ընկերություններում ու կազմակերպություններում. ԱրմԱս, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն/Ի-Վի-Էն գինու ակադեմիա, Սոլարոն, Ստարտափ Արմենիա հիմնադրամ, Հոդված 3 ակումբ, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա: Ուսանողները նաև հանդիպում են ունեցել Հայ-ամերիկյան առևտրային պալատի հետ՝ ծանոթանալու կառույցի կողմից իրականացվող քայլերին և կապեր հաստատելու անդամ ընկերությունների հետ:

Այս տարի այստեղ առաջին անգամ իրականացված ամառային պրակտիկայի ծրագիրը նաև հետաքրքրություն կառաջացնի ամերիկյան քոլեջների ուսանողների շրջանում Հայաստանում ուսանելու հարցում, ինչը թույլ կտա անձնական շփումների ու փոխանակումների միջոցով առավել ընդլայնել մշակութային կամուրջները:

«Այս ուսանողներն իրենց ընդունած ընկերությունների ու ընտանիքների հետ հաստատել են տևական ու ամուր կապեր և պատրաստ են Հայաստանում ձեռք բերած իրենց փորձն ու տպավորությունները կիսել Միացյալ Նահանգներում գտնվող իրենց ուսանող-ընկերների հետ: 2019թ. մենք սիրով Հայաստանում կընդունենք ուսանողների մի նոր խմբի», - ասաց Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի տնօրեն Քերին Սմիթը: