ՎԱՂԸ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրակրթական ոլորտի առաջին լուրջ փորձությունը՝ միասնական եւ ավարտական քննությունը կանցկացվի հունիսի մեկին: Գյումրիում 4 դպրոցներ՝ թիվ 10, 21, 11 եւ 41-ը վերածվել են քննական կենտրոնների, որտեղ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են:Կազմավորվել են քննասենյակները, տեղադրվել են նկարահանող սարքերը, համարակալվել են շարքերը: Յուրաքանչյուր քննասենյակի անկյուններում տեղադրված է երկու տեսախցիկ , որոնք տեսադաշտում են պահում ամբողջ քննասենյակը: Այսօր վիճակահանությամբ կորոշվի, թե գիտելիքների գնահատման կենտրոնի ներկայացուցիչներից ով որ քննական կենտրոնում պետք է աշխատի:
Քննության ընթացքում որեւէ ներկայացուցիչ դպրոցից լինել չի կարող: Չեն լինի նաեւ հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ: Իսկ դա նշանակում է, որ աշակերտներին որեւ կերպ օգնելու տարբերակը բացառվում է: Մինչ քննական ծրարների բացվելը սենյակում պետք է լինեն դիտորդներ, ծնողներ եւ զանգվածային լրատվամիջոցների նեկայացուցիչներ: Ծրարները բացելուց հետո նրանք դուրս կգան սենյակից: Գյումրու «Օյունջյան» կրթահամալիրի տնօրենը վստահ է, որ աշակերտները կդիմանան փորձությանը:
Նույն կարծիքին չէր սակայն թիվ 10 դպրոցի տնօրենը: Նա այնքան էլ վստահ չէր ,թե երեխաները հաջող կհանձնեն, քանի որ տարիներ շարունակ հույսը դրել են կողմնակի օգնության վրա:
Հունիսի 1-ին առավոտյան ժամը 6- ին քննական կենտրոնի նախագահները «Արդշինինվեստ» բանկից կստանան քննական թեսթերը՝ փակ ծրարներով: Միասնական քննությունը կտեւի 180 րոպե: Ավարտական քննությունը 90 կամ 100:
Ի դեպ, ավարտական քննության պայմաններն այնքան էլ խիստ չեն: Այս քննասենյակներում չկան տեսախցիկներ:
Թե ինչ արդյունք կտա կրթական համակարգ ներդրված այս փորձությունը, կերեւա ընդամենը երկու օրից: Ի դեպ, մինչեւ 2009 թվականը աշակերտները այսկերպ քննություն կհանձնեն բոլոր առարկաներից:
Գյումրիի «Ցայգ» հ/ը