Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ-ն հաստատում է. Փաշինյանն ու Թրամփը հնարավոր է հանդիպեն (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-14

ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հանդիպել է լրագրողների հետ։  Տիգրան Բալայանը նշեց որ Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը:   «Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է Կասպշիկի գրասենյակին նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպմանը: Հայկական կողմը շարունակում է բանակցությունները գրասենյակի հետ այդ ուղղությամբ»,- հայտարարեց Բալայանը: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցած հայտնի դեպքերին, խոսնակն ասաց, որ  ՀՀ արտաքին գործերի նախարարության քայլերն ամբողջովին համապատասխանում են ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի դրույթներին:  Ավելի վաղ նշվել էր, որ հայկական կողմը ՀԱՊԿ գործընկերներին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։ «Այս առնչությամբ ինտենսիվ քննարկումներ են ընթանում մեր գործընկերների հետ: Մեր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում նպաստել է միայն այդ կառույցի ուժեղացմանը։ Եվ եթե ՀԱՊԿ վերջին նախագահություններն ենք նայում, ապա ՀԱՊԿ-ում կարևորագույն փաստաթղթերն ընդունվել են հենց մեր նախագահությունների օրոք»,- ասաց Տիգրան Բալայանը։ ԱԳՆ խոսնակը խոսեց նաև Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերից, որոնք  հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվում:  «Նախորդ շաբաթ մենք հորդորել էինք նախկինում այն պաշտոնատար անձանց, ովքեր ունեն դիվանագիտական անձնագրեր, հանձնել դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Պետք է  նշեմ, որ բազմաթիվ նախկին պաշտոնյաներ արձագանքել են մեր կոչին ու վերադարձրել են անձնագրերը: Դիմում ենք նրանց, ովքեր դրանք չեն վերադարձրել՝ այսօրվանից դրանք անվավեր են»,- հայտարարեց Բալայանը: Նա հայտնեց, որ համապատասխան տեղեկատվություն փոխանցված է սահմանապահ ծառայությանը: Ի դեպ Բալայանը հաստատեց , որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,- ասաց Բալայանը: