Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՀՈՂԸ ՉԻ ՄՇԱԿՈՒՄ

Մարզեր

Մեղրաշատը Շիրակի գյուղական այն համայնքներից է, որտեղ վարելահողերը մեծամասամբ չեն մշակվում: 1400 հա ընդհանուր հողատարածքից 680 հա-ն վարելահող է, սակայն հացահատիկային մշակաբույսերն այս տարի զբաղեցնում են ընդամենը 330հա հողատարածք: Գյուղացիները վարուցանքով հիմնականում չեն զբաղվում, քանի որ հողից առանձնակի ակնկալիքներ չունեն:

Եթե մի կողմից ֆինանսական միջոցների բացակայությունն է գյուղացուն ետ պահում հողագործությամբ զբաղվելուց, ապա մյուս կողմից էլ, ըստ մեղրաշատցիների, կարկտահարությունից բերքը փրկելու երաշխիք չկա:

Մի քանի տարի շարունակ կարկտահարությունից գյուղը բավական մեծ վնասներ է կրել, վնասի փոխհատուցում որպես կանոն չի էլ եղել, կամ լավագույն դեպքում 80մլն դրամի վնաս կրած գյուղին կառավարությունը փոխհատուցել է ընդամենը 10 տոննա սերմնացուով:Այս մտավախությամբ էլ վերջին տաս տարիների ընթացքում հողերը գյուղացիներն օգտագործում են հիմնականում խոտհարկի նպատակով: Մեղրաշատցիներն հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, գյուղում կան մոտ 800խոշոր եւ 1800 մանր եղջերավոր անասուններ, ինչը քիչ թե շատ գյուղացիների համար ապրուստի միջոց է համարվում:

Գյուղում արտագաղթողների թիվն մասնավորապես վերջին երկու տարում ավելացել է: Գյուղացիները ստիպված թողնում են գյուղն ու մեկնում արտագնա աշխատանքի: Ու այս պարագայում բացառված չէ, որ շատերը, մասնավորապես երիտասարդները մշտական բնակություն հաստատեն հայրենի երկրից դուրս:

«Ցայգ » հ/ը