92 շուն՝ մի հարկի տակ (տեսանյութ)
ՀՀ-ում թափառող շների խնդիրը շարունակում է արդիական մնալ, մինչդեռ Հայաստանը նույնիսկ կենդանիների պաշտպանության օրենք չունի: «Դինգո թիմ» կենդանապաշտպան հասարակական կազմակերպությունը օգնում է հիվանդ, փողոցում վնասվածք ստացած անտուն կենդանիներին, զբաղվում է նրանց որդեգրմամբ: Կազմակերպության կացարանում այժմ 92 շուն է խնամվում: ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Օվսաննա Հովսեփյանի խոսքով, Հայաստանում կենդանիների պաշտպանության օրենքի բացակայությունը բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: «Դա իրականում մեծ խայտառակություն է, որը բերում է մի շարք խնդիրների. դաժանության անպատժելիություն, անօրինական բուծում», - նշեց Հովսեփյանը: Մոտ 10 տարի թափառող կենդանիների ստերիլիզացման և քնեցման ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցրած «Յունիգրաֆ-Իքս» ընկերության դեմ քրեական գործ է հարուցվել։ ՍՊԸ-ում բացահայտվել է 185 մլն դրամի յուրացում։ «Այդ ընկերությունը թափառող շների հարցը դարձրել էր փող լվանալու լավ միջոց: Նրանք զբաղվում էին բացառապես շների սպանդով, ոչ թե գլխաքանակ էին պակասեցնում, այլ՝ ավելացնում, քանի որ տեսակն ագրեսիվանում էր և սկսում էր ավելի արագ բազմանալ», - ընդգծեց կենդանապաշտպանը: Հասարակական կազմակերպությունը թափառող կենդանիների խնդրի լուծման տարբերակ է առաջարկում: «Երկու տեսակի աշխատանք պետք է տարվի. վերահսկվի տնային բուծումները և մասսայական ստերջացում իրականացվի», - ասաց Հովսեփյանը: Հստակ առաջարկով Դինգո թիմը դիմել է ՀՀ կառավարությանը և սպասում է պատասխանի: «Մենք կառավարությանն առաջարկում ենք դրսից ավելի փորձված կազմակերպություն բերել, կենդանաբույժների համաշխարհային ասոցիացիան պատրաստ էր գարնանը գալ Հայաստան՝ իրենց հաշվին 3000 կենդանի ստերջացնելու նպատակով, սակայն քաղաքապետարանը խոչընդոտեց, քանի որ հարց էր առաջանում՝ ինչ պետք է աներ Յունիգրաֆը, եթե նրանք լուծեին թափառող շների խնդիրը», - պարզաբանեց Հովսեփյանը: Հարցի լուծման համար կարևոր է նաև հասարակության իրազեկումն ու կենդանիների հանդեպ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը: Կենդանապաշտպանի խոսքով, շատերը չգիտեն, որ ստերջացված, պատվաստված ու ճիճվաթափված շունը մարդու առողջության համար անվտանգ է դառնում, ինչպես նաև՝ վերանում է բակերում ոհմակների գոյացման ռիսկը: Հիշեցնենք, որ «Թավշյա հեղափոխության» խորհրդանիշ դարձած անտուն Չալո- Քայլոն այժմ արդեն ապրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատանը։ Կենդանասերները վստահ են, որ երկրի առաջին դեմքի այս քայլը լավ օրինակ է ծառայելու Հայաստանում կենդանիների նկատմամբ վերաբերմունքի փոփոխման համար։