Բնակիչները ստիպված մեկանգամյա օգտագործման սպասք են օգտագործում (տեսանյութ)
Շենգավիթ վարչական շրջանի Տարոնի 5 հասցեի բնակիչները ստիպված են առավոտյան շատ վաղ, երբեմն էլ գիշերն արթնանալ, որպեսզի հասցնեն լվացք անել կամ լողանալ: Մեկ ամսից ավել է հանրակացարանում պարբերաբար ջրանջատումներ են լինում: Ճնշումը երբեմն այնքան թույլ է լինում, որ ջուրը չի հասնում շենքի վերևի հարկեր, հաճախ էլ նույն պատճառով չեն կարողանում օգտվել ջրատաքացուցիչներից: Ջրի բացակայության պատճառով բնակիչները չեն կարողանում բավարարել կենցաղային տարրական պահանջները և ստիպված օգտագործում են մեկանգամյա օգտագործման սպասք: Բնակիչները պնդում են, որ «Վեոլիա ջուրը» չի զգուշացնում անջատումների մասին և ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ են բերում: Իսկ երբ զգուշացնում են անջատումների մասին և բնակիչները ջուր են հավաքում, չեն անջատում: Ի դեպ, բողոքները ոչ միայն այս շենքից են, այլեւ տարբեր հասցեներից։ «Վեոլիա ջուրը» պարզաբանում է՝ շաբաթ օրը խոշոր վթար էր տեղի ունեցել «Արարատյան 3,4» պոմպակայանում, որով սովորաբար հուլիս-օգոստոս ամիսներին Արարատյան դաշտի խորքային հորերի ջուրը մղվում է մայրաքաղաքի հարավային շրջանները: Մինչդեռ քաղաքացիները պնդում են՝ խնդիրը դրանից առաջ էլ կար։