Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քրեական գործեր հարուցվեցին միայն հեղափոխությունից հետո» (տեսանյութ)

Հասարակություն
ara-2

Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է՝ հռչակված ՄԱԿ-ի կողմից: Ամեն տարի այս օրը, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ն ներկայացնում է ամենամյա զեկույց՝ տարվա ընթացքում տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ։  Փաստաբան Արա Ղարագյոզյանը ներկայացրեց օրենսդրական բացերի և ոստիկանների կամայականնությունների մասին զեկույցը։ «Կազմակերպությունը արձանագրել է մոտ 30 վատ, դաժան վերաբերմունքի փաստեր՝ ոստիկանական և քննչական մարմիններում։ Ապրիլ-Մայիս հեղափոխական ամիսներին ևս ականատես եղանք իրավունքների ոտնահարման։ Հավաքների ընթացքում բազմաթիվ խախտումներ են արձանագրվել՝ իրականացված ոստիկանների կողմից, այդ թվում անհարկի բերման էին ենթարկում, ազատությունից զրկում էին, բռնության էին ենթարկում լրագրողներին։ Խոշտանգում է համարվում նաև բարոյական վնասը։ Մենք տեսանք, որ Լևոն Երանոսյանը հայհոյանքներ տվեց Սասուն Միքայելյանին, մինչ այդ, նա  Խորենացու դեպքերի ժամանակ վիրավորել էր Զարուհի Փոստանջյանին։ Այս ամենի համար պատասխանատվության պետք է ենթարկել»,- ասաց փաստաբանը։ Ըստ Արա Ղարագյոզյանի՝ ՀՔԾ –ում քրեական գործեր հարուցվեցին միայն հեղափոխությունից հետո։ Հրապարակվեց նաև անազատության մեջ գտնվող մարդկանց խոշտանգման դեպքերը։ «Նուբարաշե» ՔԿՀ-ում 797 կալանավորներից 28-ը այս տարի ինքնավնասում է արել, «Արմավիրում»՝ 715-ից՝ 24-ը, 9 դեպք գրանցվել է «Հրազդան» ՔԿՀ-ում, 6 դեպք էլ Դատապարտյալների հիվանդանոցում: Ինքնավնասման դեպքերը կարող էին  կանխարգելվել, եթե պատշաճ աշխատանք տարվեր: Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերը հնարավոր կլիներ որոշ չափով նվազեցնել, եթե լինեին հոգեբաններ։