Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նունե Եսայանը հերքում է. Մարտի 1-ի դեպքերի համար չի ասել՝ «չգնային, չզոհվեին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled5-1

Մարտի մեկի դեպքերի ժամանակ երգչուհի Նունե Եսայանը չի ասել.«Չգնային չզոհվեին»։ Այսօր երգչուհին առիթ ուներ անդրադառնալու եւ մեկ անգամ եւս հերքելու, որ նման  արտահայտություն արել է։ «Մարտի մեկի դեպքերի վիդեոներն եմ դիտում եւ շատ զայրացած, որ այնտեղ տեսնում եմ անչափահաս երեխաների։ Հաջորդ առավոտ ինձ զանգում է մի աղջիկ եւ հարցնում, թե ինչ եմ կարծում։ Ես էլ զայրացած նախորդ օրվա տեսած նյութերն ասում եմ՝ ինչ գործ ունեին այդ անչափահաս երեխաներն այնտեղ։ Եւ նրանք գրում են, թե Նունե Եսայանն ասաց՝ «չգնային չզոհվեին»,-պարզաբանեց երգչուհին՝ հավելելով, որ իր իրավաբանի հետ խորհրդակցելուց հետո որոշել է լռել եւ չանդրադառնալ այդ հրապարակմանը։ «Էդ ամբողջ վայրագությունը... կառավարության կողմից սխալ կար: Ես կապ չունեմ քաղաքականության հետ, թե կառավարությունը ինչից դրդվելով էր, հրահրողներն են արել էդ ամեն ինչը: Դատապարտում եմ բռնությունը, նաեւ ՊՊԾ գնդի գրավումը, ճիշտ ու սխալը որն էր. եկան գրավեցին, փակեցին եւ ոստիկաններ զոհվեցին»: Նունե Եսայանն անդրադառնալով թավշյա, բաց ձեռքերի հեղափոխությանը, նշեց, որ կողմնակից է փոփոխությունների. «Ես ազատ մարդու, ազատ կամքի կողմնակից եմ: Ես միանշանակ չեմ այդ հեղափոխություններին, ես վախենում եմ, որտեղ վտանգ կա: Ես վախենում եմ երեխաների համար: Ես պասիվ քաղաքացի եմ: Ես այսօրվա կառավարությունում էլ ընկերներ ունեմ, ինչպես ունեցել եմ նախորդ կառավարություններում»: Ինչու՞ Նունե Եսայանին չտեսանք մայիսի 28-ի տոնական համերգին, ինչպես նախկինում,  «Ա1+»-ի հարցին ի պատասխան Նունե Եսայանն ասաց, որ դեռ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից առաջարկ էր եղել ելույթ ունենալ մարզերից որեւէ մեկում. «Ես խնդրեցի մոտ մարզեր առաջարկի, քանի որ երկար ճանապարհ չեմ կարողանում տանել, առաջարկ եղավ ելույթ ունենալ Արարատի մարզում, ես երգեցի: Իսկ Երեւանի համերգը չհաջողված էր»: Նունե Եսայանն անդրադառնալով իր հետագա անելիքներին, ասաց, որ երկու օրից Բեյրութ է մեկնում համերգների եւ Երեւանի տոնին ընդառաջ մեծ նախագիծ կա: Ներկայացրեց նաեւ ողջ ստեղծագործական կյանքի  ձեռքբերումները. «Չեմ պատրաստվում հրաժարվել երգելուց: Ես միակ հայաստանաբնակ երգչուհին եմ, որ մասին CNN –ը հաղորդում է պատրաստել, ես միակ հայաստանաբնակ երգչուհին եմ, որի մասին New-York Times-ը հոդված է գրել, առաջին հայ երգչուհին եմ, որ Կոդակ թատրոնում տարիներ առաջ մենահամերգ եմ ունեցել, համերգին էլ ներկա էր Քըրք Քըրքորյանը: Ես երգել եմ, միշտ երգելու եմ: Կարող են լինել չսիրողներ, չգնահատողներ, բայց անձս մի վիրավորեք: Սրանից հետո, եթե  իմ ըմտանիքի մասին որեւէ մեկը որեւէ բան ասի՝ կպատժվի»,-եզրափակեց երգչուհի Նունե Եսայանը: Իդեպ այսօր երգչուհին  լրագրողների հետ հանդիպում էր երկու օր առաջ արված  հրապարակման առթիվ: «5 տարի առաջ հարազատ մարդկանցից մեկը խնդրեց երաշխավոր կանգնել իր վարկի համար: Ես Կոնվերս բանկի հավատարիմ հաճախորդ եմ եւ համաձայնեցի: Մի քանի ամիս հետո նա դադարեց վճարել եւ բանկն իմ հաշվից սկսել տոկոսները գանձել: Ինձ առաջարկեցին կամ վճարել եւ տունը տալ հարազատներիս, կամ տունը մնում է բանկին: Բարեգործական նկատառումներից ելնելով, ես վճարեցի գումարը: Հարազատներիս հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ իրենք գումարը կտան, երբ կարողանան: Արդեն հինգ տարի է անցել, գումար չեն տվել. Իսկ ես ցանկանում եմ վերադարձնել իմ գումարը: Իրավաբաններիս հետ խորհրդակցելուց հետո մենք դիմեցինք ոստիկանություն, որպեսզի իրենք դուրս գան բնակարանից եւ ես կարողանամ վաճառել բնակարանը: Համաձայնություն ձեռք բերելուց հետո վճարման գործընթացը երեկ կասեցվեց, իսկ թե ինչ համաձայնության մասին է խոսքը, ես չեմ կարող ասել, դա անձնական է: Գիտեմ, որ հարազատներս պատրաստվում են հերքել եւ ներողություն խնդրել: Խոսքը քրոջս փեսայի մասին է»: Երգչուհին նշեց, որ ինքը շատ համբերատար է. «Ես առյուծ եմ, ես պաշտպանել եմ իմ իրավունքը ընդամենը»: