Բաքվեցի փախստականները 28 տարի է ապրում են անհասցե շենքում (տեսանյութ)
Յուրի Բարսեղյանն իր դստեր տարիքին է եղել, երբ ընտանիքը մազապուրծ փախել է Բաքվից։ Ջարդերը իր մանկական հիշողության մեջ չեն տպավորվել, բայց 12 քառակուսի մետր տարածքը, որտեղ ինքն է մեծացել ու հիմա էլ մեծանում են իր երեխաները, մշտապես հիշեցնում է տունը կորցնելու մասին. « Ուտում ես էստեղ, խմում ես էստեղ, աման լվում ես էստեղ, լողանում ես էստեղ, էն որ ասումա՝ հավը ոնցա ամեն ինչ իրա բնի մեջ անում, նույնը էսա»,- ասում է երկու երեխաների հայրը: «Նաիրի» հյուրանոցի նախկին շենքում մոտ 28 տարի է բնակվում են Բաքվից գաղթած 60 ընտանիք։ Նրանց համար այս սենյակները պարզապես տանիք են՝ առանց որեւէ հարմարության։ Շենքը փաստաթղթերի համաձայն ընդհանրապես գոյություն չունի: Նրանք չեն օգտվում որեւէ արտոնությունից, քանի որ իրենց կարգավիճակը փաստացի կորցրել են Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալիս: Ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջ եկել տնօրինության հետ։ Հերթականն էլ օրերս է ծագել։ Կոմունալ վճարը 1000 դրամով թանկացել է՝ դառնալով մեկ անձի համար 3000 դրամ։ Բնակիչներին ասել են, որ թանկացումը պայմանավորված է նոր ջրաչափերի տեղադրմամբ։ Մանրամասները՝ տեսանյութում