Քրեակատարողական վարչությունը մոտ 1 մլն 200.000 դրամ պետք է վճարի նախկին աշխատակցին
Ան Քրեակատարողական վարչությունը իր նախկին աշխատակցին պետք է վճարի մոտ 1 մլն 200.000 դրամ: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նաիրա Հովսեփյանը նման որոշում է կայացրել: Հայցվոր կողմը ՔԿ վարչությունից պահանջել էր շուրջ 1 մլն 900 հազար դրամ: Նախկին աշխատակցի՝ Էդգար Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ նրանք անօրինական ճանապարհով են աշխատակցին հեռացրել: « Արձակուրդում գտնվելու ժամանակ կանչել եւ ասել են, որ հեռացված է աշխատանքից: Նա ասել է, որ արձակուրդում գտնվելու ժամանակ չեք կարող հեռացնել, գոնե սպասեք գամ, նոր հեռացրեք: Երբ արձակուրդից վերադարձել է, հրամանն արդեն եղել է եւ ուղարկել են կադրերի ռեզերվ: Այդ ժամանակ էլ սխալ վճարումներ են կատարվել: Բացի դա, իրեն աշխատանքից ազատելու մասին չեն ծանուցել 60 օր առաջ, բավականին խախտումներ են արվել, 8 էջ միայն խախտում ենք արձանագրել»,- ասաց Արայիկ Պապիկյանը: Գործը երկրորդ տարին էր արդեն դատարանում: Դատավոր Նաիրա Հովսեփյանը, ըստ փաստաբանի, պարբերաբար փորձ էր անում հաշտության եզրեր գտնել, հրաժարվել հայցից: Չի բացառվում, որ պատասխանող կողմը բողոքարկի որոշումը: