Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային չե՞ք քվեարկում, լավ, դուք աշխատեք այնպես, ինչպես գիտեք. Փաշինյանը՝ նախարարներին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol1-3

Կառավարության այսօրվա նիստը, որը առաջին անգամ վարում էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դռնբաց էր։ Առաջին նիստը նա սկսեց գյուղատնտեսության հարցերից. «Հույս ունեմ լավ աշխատանքային տրամադրություն ունեք։ Արմավիրի մարզում կարկտահարության դեպք է եղել, ի՞նչ է արվել»: Գյուղատնտեսւթյան նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը զեկուցեց, որ համապատասխան անձնակազմ են ուղարկել մարզ` տեղեկանալու, ֆիքսելու վնասի չափը։ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` որոնք են նման իրավիճակներում սովորաբար եղել Կառավարության գործողությունները։ «Հողի հարկը, ջրի հարկը փոխհատուցվել են, ավելին չի եղել»,- զեկուցեց նախարարի պաշտոնակատարը։ Վարչապետը նշեց, որ այդ թեմային անպայման անդրադառնալու են, քանի որ, ըստ նրա, աջակցությունը պետք է լինի ոչ այնքան ֆորմալ, որքան էական. «Իսկ հակակարկտային համակարգի հետ կապված ինչո՞ւ չենք կարողանում ներազդել»: ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այդ տարածքները դուրս էին իրենց դաշտից. «Հակակարկտային համակարգերը ընդամենը ծածկել են տարածքների 15 տոկոսը։ Նոր պիլոտային ծրագիր պետք է ներդրվեր, որ ՌԴ ից էր ժամանելու։ Երկու տարվա ընթացքում այդ ծրագրի շնորհիվ կփակենք տարածքների 70 տոկոսը»: «Այս թեմային կրկին պետք է անդրադարձ կատարենք նոր Կառավարության ձեւավորումից հետո»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության օրակարգի 13-րդ չքննարկվող հարցը տեղափոխվեց քննարկվողների շարք։ Նիստին վարչապետը նաեւ տեխնիկական խնդիրների հետ բախվեց. «Էլեկտրոնային չե՞ք քվեարկում։ Լավ, դուք աշխատեք այնպես, ինչպես գիտեք, հետո կփոխենք։ Իսկ ձեռնպահ քվեարկություն, ինչքան գիտեմ, չկա, չէ, Կառավարության նիստին»: