Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» զրկվեց եվրոպական ուղեգրից

Սպորտ
sport-pyinik-out

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի առաջին երկու խաղերը: Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ ընդունեց «Բանանցին»: Հյուրերը չնայած սկզբում երկու գոլ խփեցին (աչքի ընկավ Լեստեր Պելտիերը), սակայն ընդմիջոիմից հետո չկարողացան պահպանել այդ առավելությունը եւ ստիպված բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով՝ 2:2: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ուրոշ Նենադովիչը եւ Միհրան Մանասյանը:   Օրվա երկրորդ խաղում «Փյունիկը» Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Արարատին»: Ամբողջ հանդիպման ընթացքում տեղացող հորդառատ անձրեւը չնայած անդրադարձավ թիմերի խաղի որակի վրա, սակայն կողմերն ամեն ինչ արեցին հաղթանակի հասնելու համար: Առաջին խաղակեսի 3-րդ րոպեին Էրիկ Վարդանյանը առաջ մղեց դաշտի տերերին: Սակայն գլխավոր իրադարձությունները ծավալվեցին հանդիպման վերջին 20 րոպեներին, երբ արարատցիները մեկը մյուս հետեւից երեգ գոլ խփեցին եւ կամային հաղթանակ տարան՝ 3:1: Հյուրերի կազմում երկու անգամ աչքի ընկավ Սաևգիս Մեթոյանը, մեկ՝ Գեղամ Թումբարյանը: Այդպիսով,  «Փյունիկը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ դուրս մնաց եվրոգավաթների ուղեգրի համար պայքարից, քանի որ այլեւս հնարավորություն չունի մտնելու առաջին քառյակ: Եվրոպական գավաթների հաջորդ մրցաշրջանին Հայաստանից հանդես կգան «Շիրակը», «Ալաշկերտը»,  «Գանձասար-Կապանը» եւ «Բանանցը»: Առաջին երեքը դեռեւս պայքարում են չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, իսկ ահա «Բանանցը» հանդես կգա Եվրոպայի լիգայում: Ի դեպ, «Փյունիկ» - «Արարատ» խաղին բավական զավեշտալի միջադեպ տեղի ունեցավ: Հանդիպման գլխավոր մրցավարը երկրորդ խաղակեսը սկսեց առանց  «Արարատի» երկու խաղացողների, որոնք դուրս չէին եկել հանդերձարանից: Արդյունքում, լեզվակռիվ տեղի ունեցավ չորրորդ մրցավարի եւ «Արարատի» խաղացողի միջեւ, ինչը չէր լինի, եթե խաղավարն ավելի ուշադիր լիներ: