Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին եւ վայր դրել պաշտոնակատարի լիազորությունների կատարումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-karapetyan-1

Կարեն Կարապետյանը վայր դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների կատարումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Կարապետյանը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով քննադատության, ոգևորիչ խոսքերի և աջակցության համար, ապա բարի երթ մաղթել նոր վարչապետին: «Շատ հետաքրքիր և պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ և հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ և էֆֆեկտիվ երիտասարդներին»,-գրել է նա։ Շնորհավորելով նոր վարչապետին՝ Կարեն Կարապետյանը նրան ու հաջորդող բոլոր վարչապետերին մաղթել է բազմաթիվ հաջողություններ, լավ արդյունքներ, անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված և միշտ հասկացված լինել ժողովրդի կողմից։ «Պատկերացնելով վարչապետի ծանր և պատասխանատու աշխատանքը, որը պահանջում է անհոգ օրերի ու գիշերների բացակայություն, առաջարկում եմ մեր համաքաղաքացիներին, լրագրողներին, սոցիալական ցանցերից օգտվողներին և քաղաքական ուժերին՝ վարչապետին քննադատելիս անել այն առարկայական, անձնականը և ընտանիքը չխառնելով, հակառակը՝ խորհուրդ տալով և ոգևորելով։ Բոլորիդ լավ տրամադրություն, լավ եղե՛ք: Շնորհակալություն»,-եզրափակել է նա: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 8-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 59 կողմ, 42 դեմ ձայներով դարձավ ՀՀ վարչապետ: