«Նոր իշխանության պարագայում երիտասարդները կկարողանան գիտելիքներն իրացնել» (տեսանյութ)
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նոր վարչապետի առաջնային քայլերից է համարում այն, որ բացառվում է պաշտոնյաների սերտաճումը բիզնեսի հետ։ Ըստ Գագիկ Մակարյանի նոր իշխանությունը դա կկարողանա անել, քանի որ Նիկոլ Փաշինյանի թիմը դուրս է «Հանրապետական» կուսակցության ծանոթ-բարեկամ մթնոլորտից և ունի լծակներ ազատ գործելու։ «Երկիրը պետք է ազատվի այս հոգեբանությունից և մեր Հանրապետությունը պետք է գնա նրան, որ բիզնեսները պետք է առանձնացած լինեն պետական ապարատից։ Պատգամավորները սա պետք է հաշվի առնեն և նույն սխալները չկրկնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գագիկ Մակարյանը։ Նա նաև անդրադարձավ բավականին քննարկվող մի թեմայի, այն, որ Նիկոլ Փաշինյանն իր թիկունքում չունի այնպիսի թիմ ու համապատասխան կադրեր, որոնք կստանձնեն պետական ապարատում աշխատելու պատասխանատվությունը։ Փոխարենը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը կադրային ջարդ չի անելու ու հնարավոր է նոր երիտասարդ կադրերով ավելի լավ կառավարում կազմակերպի։ «Այսպես փորձում են անվստահության մթնոլորտ առաջացնել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ հայկական կադրերով ամբողջ աշխարհն է հիանում։ Եթե կարողանում են այլ երկրներում աշխատել և կայանալ, ինչո՞ւ չեն կարող Հայաստանում աշխատել։ Հսկայական պոտենցիալ կա երիտասարդների շրջանում, ովքեր այս պայմաններում չէին կարողանում իրենց ռեալիզացնել, հիմա հնարավորություն է ստեղծվում երիտասարդ կադրերի համար իրենց ազնվությամբ, իրենց լեզուների իմացությամբ, իրենց մոտիվացիայով իրացնել գիտելիքները»,- ավելացրեց Գագիկ Մակարյանը։ Նա նաև նշեց, որ եթե «Հանրապետական» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի թեկանծությանը վարչապետի պաշտոնում բոյկոտի, ապա ցույցերը և երթերը կշարունակվեն, ինչը վատ ազդեցություն կթողնի երկրի վրա։ «Յոթ օր հետո նորից ընտրություն կնշանակվի. սա նշանակում է, որ յոթ օր ցույցերը, միտինգները կշարունակվեն, ամբողջ Հանրապետությունում ժողովրդական շարժումը կմնա նույն մակարդակի վրա։ Սա անմիջականորեն ազդում է տնտեսության վրա»,- ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։