Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հստակ կա այն եզրագիծը, երբ կարող է բանակը ներգրավվել»: Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
931046g

ՀՀ պաշտպանության նախարարությունում նախարար Վիգեն Սարգսյանն ասուլիս է տալիս: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ: Հավաքներին դպրոցականների ներգրավումը կարմիր գիծ է: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարՎիգեն Սարգսյանը: Ըստ նրա, դրա մեջ մի քանի խնդիր կա՝ առաջինը՝ ֆիզիկական անվտանագության, և երկրորդը՝ գաղափարական-բարոյական մակարդակը: Անդրադառնալով բանակի ներգրավվածությանը Հայաստանում ծավալվող իրադարձություններին, Սարգսյանն ասել է, որ ԶՈւ ներգրավածությունը ՀՀ օրենսդրությամբ է կարգավորվում: «Հստակ կա այն եզրագիծը, երբ կարող է բանակը ներգրավվել՝ միայն արտակարգ իրավիճակի պարագայում», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ իշխանության մեջ ոչ ոք չի ուզում բանը հասնի դրան: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ քսանչորս ժամ անց ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին ոչ հարազատները, և ոչ էլ փաստաբանը տեղեկություններ չեն կարողանում ստանալ, Սարգսյանը պատասխանել է, որ ինքը կուսակցական է, և այդ հարցը՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով պետք է հղել իրավապահ մարմիններին՝ դատախազությանը և այլն: «Պատճառն (բանակցությունների տապալման-խմբ.) այն էր, որ ցանկություն չկար պայմանավորվելու իսկզբանե: Տեսախցիկների առջև լուծում գտնելն ավելի բարդ է, քան դրանց առջև միավորներ հավաքելը, կարծում եմ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր», - ասել է Սարգսյանը: Նա ասել է, որ վստահ է «այս իրադարձությունները, այս ընդվզումը մեր հասարակության մի հատվածի բերելու են նրան, որ թիմը շարունակի բարելավվել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ պետական կառավարման համակարգում: «Դա մշտական գործընթաց է, և ասեմ, որ երկրի վարչապետն այդ գործընթացի կրողն է», - ասել է նա: Անդրադառնալով պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում հակառակորդի ակտիվության մասին հայտարարությանը և տեսանյութին, ասել է, որ Ադրբեջանի համար ՀՀ-ում ներքաղաքական իրադրությունը, բնակաբար, լավ հնարավորություն է՝ ռազմական դրությունը սրելու համար: «Պատկերացնո՞ւմ եք՝ ես ինչպե՞ս կերևամ, ու բոլոր պատասխանատուները, եթե փորձենք հին կադրերը նորի տեղ ցույց տալ: Մենք պարտավոր էինք իրազեկել հասարակությանը, որ նման իրավիճակ կա: Մենք մեր հասարակությանը վախեցնելու որևէ ցանկություն չունենք: Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր բանակը, մեր ԶՈւ-ն լիարժեք մարտունակ են ու պատրաստ ցանկացած խնդիր կատարելու՝ ըստ անհրաժեշտության: Մենք ուզում ենք մեր հասարակության հետ ազնիվ լինել», - ասել է նա: