Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքն ավարտվեց.վաղվա գործողությունների մեկնարկը՝ 08:00-ից (տեսանյութ)

Քաղաքականություն
RegioGGn-Capture

22:05  Վաղվա գործողությունների մեկնարկը՝ 08:00-ից Հանրապետության հրապարակում կայացած մեծ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի կազմակերպչական հայտարարություններով և կոչերով հանդես եկավ. «Բոլոր գյուղերի և քաղաքների բնակիչներին կոչ եմ անում վաղը գնալ, նստացույց անել իրենց համայնքապետերի և ավագանիների գրասենյակներում և ստիպել նրանց հանդես գալ թավշյա հեղափոխությանն աջակցելու հայտարարությամբ»: Ընդդիմադիր պատգամավորը ասելիք ուներ նաև դպրոցականներին. նա հորդորեց աշակերտներին վաղն իրենց դպրոցի պատուհաններից դուրս նետեն Սերժ Սարգսյանի լուսանկարները: Պատգամավորը հայտնեց, որ վաղվա գործողությունները սկսվելու են առավոտյան 08:00-ին. «Վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է, վաղը պիտի շրջափակենք մի շարք կառավարական կառույցներ, բայց երբ ու որտեղ չենք ասի, որ անակնկալի գան»: Հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը հետևում էր նաև հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Թանկյանին և Սփյուռքի այլ հանրային դեմքերին գնալ և դեպի Երևան ինքնաթիռի տոմս գնել. «Թանկյանը, Ազնավուրը, նրանք բոլորը նշել են, որ փոփոխություններ են ուզում տեսնել, ահա, եկել է այդ պահը, հայ ժողովուրդը սպասում է ձեզ այստեղ՝ Հանրապետության հրապարակում, ես երաշխավորում եմ, որ երբ դուք ժամանեք Երևան՝ «Զվարթոց» օդանավակայից ձեզ ձեռքերի վրա կբերեն այստեղ, որպիսզի դուք այս ամբիոնից ելույթ ունենաք»: Հանրահավաքի ավարտին հավաքվածները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա:   20.35 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ելույթում նշեց, որ վերջին տասնամյակը եղել է կեղծիքների և ձախողումների ժամանակաշրջան։  «Մի վատ բան եմ ուզում արձանագրել` մեր կյանքի վերջին տասը տարիները մենք որպես ազգ ապրել ենք ստի, կեղծիքի և ձախողումների պայմաններում»,-ասաց նա։ Արարատ Միրզոյանը հիշեցրեց վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ ավելացնելով, թե դրանցից ոչ մեկ չի իրականացվել:  «Մենք ունենք մի հայրենիք, սա՛ է մերը, և մենք մի կյանք ենք ապրում և ձախողվելու կյանք չունենք, ես, դու, մենք բոլորս ձախողականներ չենք և այս չարիքը, որ չոքել է մեր զարգացման ճանապարհին, մենք այս չարիքի հարցը արագ պետք է լուծենք և պետք է անցնենք մեր հիմնական գործին` մեր սիրելի երկրում ազատ երջանիկ, արժանապատիվ ապրելուն»,- ասաց Նա։ 20.20   Դավիթ Սանասարյանը հիշեցրեց իր համոզումը, թե փշալարերը այսօր կհեռացվեն։  «Հասել ենք, տե՛ս, մեր ասելիքն ասել ենք, երբ ուզենք, բարձրանալու ենք Բաղրամյան 26, 19 և մյուս բոլոր շենքերը: Մի քանի օր առաջ գործադուլի կոչ արեցինք: Չընկալվեց, թե ինչի մասին էր դա: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ քանի օր է՝ չեն գնում աշխատանքի: Եկե՛ք ողջունենք նրանց: Այսօր մեզ է միացել բժշկական կազմակերպություն»,- ասաց նա: 20.12 ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացին մերժում է վարչապետի ընտրության կեղծ գործընթացը։ Երեկ 77 «ազգընտիր» գործիչներ, իրականում՝ Սերժ Սարգսյանի կամակատարները, արհամարելով Հայաստանի քաղաքացիների կամքը, փշալարերի ետևում, առանց ամոթի  այդ մարդուն կարգեցին Հայաստանի ղեկավար։    Սուրեն Պապիկյանը հատ-հատ կարդաց բոլոր նրանց անունները, ովքեր կողմ են քվեարկել Սերժի թեկնածությանը և ամեն անուն ազգանունը  հավաքի մասնակիցների կողմից  ստանում էր համապատասխան վերաբերմունք և ամոթ-ամոթ վանկարկումը։ 19.53 Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը նշեց, որ այսօր մի քանի շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել։ Իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, և փորձում է 21-րդ դարում սահմանափակել ինտերնետային ինֆորմացիայի ազատությունը։ ԿԳՆ-ում այսօր սահմանափակել են մի շարք կայքեր, մասնավորապես  Facebook, YouТube և «Ազատություն ռադիոկայանը»։ Նա նշեց, որ կարևոր իրադարձություններ են եղել նաև մարզերում։ Գյումրիում Հայկ Բարսեղյանը և մի շարք այլ քաղաքացիներ բազմաթիվ գործողություններ են իրականացրել։ Նրանց են միացել բազմաթիվ գյումրեցիներ։ Նրանք քայլերթ են կատարել, շրջափակել շենքեր և իրականացրել են այս շարժման գործողություններ։ Դպրոցից հանել են նաև Սերժի նկարը։ Այսօր գործողություններ է իրականացվել նաև սփյուռքում։ Մասնավորապես Մարսել քաղաքում, Մոսկվայում։ 19.42 Հանրահավաքը սկսեց ակտիվիստ Շահեն Հարությունյանը՝ առաջարկելով հավաքվածներին այն ազդարարել հաղթական ծափերով և ձեռքերը վեր բարձրացրած ։ Այնուհետ ամեն մի թմբուկի հարվածին մեկ Հո՛ւ ասելով։ Սկզբում այն չէր ստացվում, հետո իհարկե ամեն բան հաջող անցավ։ Որից հետո բացվեց հսկայական եռագույնը՝ օրհներգի հնչյունների ներքո։ 19.12 Ի դեպ թմբուկները յուրահատուկ հմայք են հաղորդում ակցիային։ «Սերժին ասում ենք ոչ»- հայտարարում է Շահեն Հարությունյանը, որից հետո մասնակիցները, թմբուկի հարվածից հետո մեկ ռիթմիկ քայլ են անում ու ասում՝ ո՛չ։  Ակցիայի մասնակիցնեն արդեն Հանրապետության հրապարակում են, որտեղ րոպեներ անց կսկսվի հանրահավաքը։  18.50  «Քայլ արա, մերժիր Սերժին», «միացեք»  վանկարկումներով քաղաքական խաղաղ անհնազանդության երթը  վերսկսվել է։ Արտաքին գործերի նախարարության շենքի հարակից հատվածում նստացույց իրականացնող ցուցարարները երթով Խորենացի փողոցով շարժվել են Մաշտոցի պողոտա: Այժմ նրանք շարժվում են դեպի Ամիրյան փողոց:  Այսօր սփյուռքի կողմից ակցիայի մասնակիցներին նվեր ուղարկված թմբուկները գործի են դրվել։ Նրանց  ռիթմիկ հնչյունների և ծափերի ներքո, ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում։