Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Անդրիաս Ղուկասյանը նվազագույնը դեռ 6 ամիս կմնա կալանքի տակ (տեսանյութ)

Քաղաքականություն
Andrias_Gukasyan

Սահմանադրական դատարանը պետք է որոշի, որքանով է օրինական  «Նոր Հայաստան» շարժման անդամ   Անդրիաս Ղուկասյանի գործով  կալանքի որոշումը։  Այսօր  Վճռաբեկ  դատարանը  որոշեց դիմել  Սահմանադրական դատարան՝  ստորին ատյանների կայացրած որոշումների սահմանադրականության հարցով։ «Ինչ արեց Վճռաբեկ դատարանը: Ըստ էության  ընդունեց,  որ մենք ճիշտ ենք ասում, որ այդ որոշմամբ խախտվել է Անդրիաս  Ղուկասյանի  սահմանադրական եւ կոնվենցիոն իրավունքները եւ որոշեց գործի վարույթը կասեցնել: Դիմել  Սահմանադրական դատարան՝ որոշելու համար այդ հոդվածների սահմանադրականությունը: Փաստացի ընդունել են, որ խախտում է տեղի ունեցել»,-  «Ա1+»-ին ասաց Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը: Առաջին  ատյանի  դատավորն, ըստ պաշտպանի,   երբ գործը վերցրել է վարույթ,  ընդամենը 4 բառ գրելով՝  Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը թողել է  անփոփոխ: Մինչդեռ պետք է հստակ նշվի, թե անձը ինչ գործողություններ կարող է կատարել ազատության մեջ հայտնվելով:  ՍԴ-ն դիմումը ստանալուց հետո առնվազն 6 ամսում պետք է որոշում կայացնի, այդ ընթացքում փաստացի  Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված: «Սա մի իրավիճակ է, երբ Անդրիաս  Ղուկասյանն   ամենակոպիտ խախտումներով կալանքի տակ էր պահվում, Վճռաբեկ դատարանն էլ մի որոշում  կայացրեց, որպեսզի չասի, այդ խախտումները կան, թե չկան»,- ավելացնում է պաշտպանը: Կարեն Մեժլումյանը  կարծում է, որ  կալանքի գործով որոշումները   ՍԴ դիմելու  հիմքով կասեցնելը եւ անձին ազատ չարձակելը նույնպես Սահմանադրության խախտում է. «Անձը կալանքի տակ է գտնվում, լավ ազատ արձակեք, նոր դիմեք: Սա խախտում է անձի իրավունքը: Հավանաբար մենք էլ Անդրիաս Ղուկասյանի հետ քննարկելով կդիմենք Սահմանադրական դատարան, այդ նորմի սահմանադրականության հարցով»:   Գործով խախտումներն, ըստ Կարեն Մեժլումյանի,  շատ են:  Ըստ նրա՝ ակնհայտ է, որ պաշտպանյալի նկատմամբ քաղաքական հետապնդում  է իրականացվում։ «Առաջին օրվանից մինչ օրս հետեւողականորեն քաղաքական նպատակներով Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ են պահում, քրեական հետապնդում են իրականացնում»:    Անդրիաս Ղուկասյանը  մոտ 2 տարի  է կալանավորված էՆա մեղադրվում է 2016 թ հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաեւ ՊՊԾ գնդում գտնվող անձանց միանալու փորձի մեջ, որը  ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներով:  Այս  մեղադրանքն առաջադրվել է եւս  8 անձի, բայց նրանց խափանման միջոցը փոխվել է եւ նրանք ազատության մեջ են։