«Գիշերային ակումբների տերերի համար ավելի հեշտ կլինի տուգանքը մուծել ու ոչինչ չանել» (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Այն ներկայացնում էր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նախագծի` գիշերային ժամերին լռություն պահպանելու առումով ներկայացվում են հատուկ պայմաններ` հեստապարային ակումբ, սաունա, բաղնիք, շոգեբաղնիք, դիսկոտեկ, կարաոկե եւ այլնի համար. «Պետական եւ ՏԻՄ վարչական տարածքների, բնակելի տարածքների, գիտական հաստատությունների մոտ կարգելվի այս տեսակի գործունեությունը։ Թույլտվությունը տալու է համայնքի ղեկավարը։ Ներկակայացվելու է հեռավորության պահանջ` բնակելի տարածքներից։ Սահմանվելու են պետական տուրքեր` նման գործունակությամբ զբաղվելու համար` նվազագույն պետական տուրքը` 10 հազարից 500 հազար դրամ։ Տուգանքները կլինեն տարբերակված` 50-100 հազարապատիկ, կրկնվելու դեպքում` 200-300 հազարապատիկի չափով, հեստապարային ակումբի դեպքում` 300-500 հազարապատիկի, կրկնվելու դեպքում` 1-3 մլն դրամի չափով։ Երեք ժամային սահմանափակում ենք դրել` ժամը 22:00-7:00, 00-7:00 եւ այլն։ Խախտելու դեպքում` սկզբում նախազգուշացում հետո` 40 հազար դրամ, 200-300 հազարապատիկ ենք մենք առաջարկում»։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, նրան հարց ուղղելով, նկատեց. «Ստացվում է` նախկին ամբողջ տարիներին ՏԻՄ գործունեությունը խաթարել է մարդկանց հանգիստը, պետականամետ քայլեր չեն արել։ Ո՞նց գլխի ընկաք, որ պետք է անեք նման փոփոխություններ։ Ուզում եմ, որ ՏԻՄ-ին քաղաքական գնահատական տաք»։ Տիգրան Խաչատրյանն ի պատասխան նշեց. «Այնպես չէ, որ հասարակական կյանքը կարգավորված չի եղել։ Պրակտիկայում եղած խնդիրներ կարգավորելու իմաստով կարգավորումների որակը էապես կբարձրացվի»։ Ելք խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն իր հերթին նշեց. «Կարծում եմ` ակումբների տերերի համար ավելի հեշտ կլինի տուգանքը մուծել ու ոչինչ չանել։ Նշեմ, որ դպրոցներին մոտ կան հեստապարային ակումբներ։ Գործող ակումբների վրա ոնց է կիրառվելու այս օրենքը»։ «Իրենց մեկ տարի ժամկետ է տրվելու` տեղափոխվելու համար»,- պատասխանեց Տիգրան Խաչատրյանը։ «Այդ ակումբներ այցելող մարդիկ արդեն այդ տեղին սովորել են ու ակումբների տերերին, ինչպես նաև` ՏԻՄ-ին ավելի հարմար կլինի, որ ամեն ամիս տուգանք վճարեն, ու հարցն այդպիսով փակվի»,- նկատեց Գեւորգ Գորգիսյանը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ավելի կոշտացրեց քննարկումը. «Եթե մարդիկ հիվանդ են ու ցանկանում են նայեն, թե ոնց են մյուսները հանվում, թող մեծ գումարներ վճարեն, գնան, նայեն։ Կամ ավելի լավ կլինի` ընդհանրապես փակեն այդ ակումբները»։ Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ հատկապես կարաոկե ակումբներից այնպիսի աղմուկ է գալիս, որ պատուհանները դխդխկում են, հնարավոր չի լինում քնել։