Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենց լոզունգն էր՝ կա ելք, հիմա տուպիկի առջեւ են» (տեսանյութ)

Քաղաքականություն
ajemyan

Ելք դաշինքը պառակտվում է՝ համոզված է  հանրապետական պատգամավորը։ «Ոչ իշխանությանը, ոչ հասարակությանը բացարձակապես այս պառակտումը պետք չէ այն առումով, որ մեզ պետք է առողջ, նորմալ ընդդիմություն, որը կարողանա հարցեր բարձրացնել, ճիշտ ուղղությամբ աշխատել եւ ստեղծի այն մթնոլորտը, որ իշխանությունն ավելի զգոն լինի»,- վստահեցնում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: «Անկեղծ ասած՝ չեմ զգում, այդպիսի բան տեսանելի չէ, սակայն որոշակի հարցազրույցներ կան, նաեւ՝ ձեր կողմից տարբեր կանխատեսումները... Ինձ թվում է՝ այդ հարցին իրենք կպատասխանեն՝ նման վտանգ կա՞, թե ոչ»,- ավելացրեց ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Ռուստամ Մախմուդյանը:             Ելք դաշինքի մաս կազմող ՔՊԿ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիից Երեւան «Իմ Քայլը» խորագրով 14-օրյա քայլերթ է անցկացնում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետով կառավարման։ Դաշինքի անդամ մյուս կուսակցությունները չեն մասնակցում քայլերթին: Մասնավորապես ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանին միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը. մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն ի սկզբանե պարտված է: «Այս դեպքում Ելքի, երբ իրենք ասում են, հենց իրենց լոզունգն էր՝ կա ելք, կա ճանապարհ, հիմա իրենք տուպիկի առջեւ են կանգնած, դա ոչ մի լավ բանի հենց իրենց չի բերի: Նոր համակարգում խորհրդարանական փողոցային պայքարի, արշավների ձեւն ընտրելը տրամաբանական չէ, սակայն մյուս կողմից հավաքել այդքան ձայն, հիմա պառակտվել ու խոսել պաշտոնների մասին, նույնպես բացարձակապես տրամաբանական չէ: Եթե իրենք ձգտում են պաշտոնների, նրանք պետք է միանան իշխանությանը: Շատ հարցերում Էդմոն Մարուքյանի կառուցողական գիծն ընդունում են այն առումով, որ, այո, այսօր պետք է հարմարվել նոր իրողություններին», նկատեց Կարինե Աճեմյանը:    Կարինե Աճեմյանն այնքան էլ դրական չի համարում Ելքի այն պնդումները, թե իրենք ոչ թե պառակտվում են, այլ դաշինքում ժողովրդավարություն է, խոսքի ազատություն՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, որտեղ որոշում կայացնողը մեկն է. «Ցավոք սրտի, ես պետք է հիշեցնեմ բոլոր այն կուսակցությունների օրինակը, որին մենք ականատեսն ենք եղել, իսկ դրանք լավը չեն այն առումով, որ այդ ժողովրդավարության արդյունքում իրենք տրանֆորմացիաների են ենթարկվել, լուծարվել են, վերացել են, ոչ մի լավ բանի դա չի բերել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, դուք տեսնում եք, որ նրանք շատ ազատ իրենց կարծիքն արտահայտում են, ու դրանք երբեմն շատ տարբեր են լինում: Ես կարծում եմ, որ կուսակցական դիցիպլինան շատ կարեւոր է եւ կարեւոր է առաջնորդի դերակատարումը: Մենք մեծ կուսակցություն ենք ու դա շատ կարեւոր է»:              Նիկոլ Փաշինյանը քայլերթի ժամանակ հույս է հայտնել Ազատության հրապարակում տեսնել հարյուր հազարավոր քաղաքացիների, որոնց կամարտահայտությունը կվերածեն կոնկրետ քաղաքական արդյունքի, որի բարեհաջող ավարտն էլ կլինի այն, որ կկարողանան շրջափակել ԱԺ շենքը: «Յուրաքանչյուր անձի սահմանադրական իրավունքն է, ա յդ թվում՝ պատգամավորի, օրենքով սահմանված կարգով՝ խաղաղ, առանց զենքի երթեր, ցույցեր, հավաքներ անցկացնելու: Սակայն ինչպես Սպինոզան է ասում՝ յուրաքանչյուր անձի ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը: Հետեւաբար, յուրաքանչյուրն իր ազատությունն իրականացնելիս իմ իրավունքը խախտելու իրավունք չպետք է ունենա: Եւ ես կարծում եմ, որ մենք՝ որպես պատգամավորներ, չպետք է ձեռնամարտի բռնվենք, որ ԱԺ մտնե՞նք, թե ոչ: ԱԺ-ում կան համապատասխան մարմիններ, որոնք պարտավոր են պահպանելու մեր բնականոն աշխատանքը»,-նշեց Ռուստամ Մախմուդյանը:             ԼՀԿ-ն այս քննարկումների վերաբերյալ առայժմ չի ցանկանում կարծիք հայտնել. խոստացան բոլոր հարցերին պատասխանել ապրիլի 17-ից հետո: