Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանի նպատակն է ստեղծել վախի մթնոլորտ». Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Vaxarshak-Harutyunyan

Արցախյան քառօրյա պատերազմը հրահրել էր Թուրքիան, որպեսզի հարաբերություններ պարզեր Ռուսաստանի հետ։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։ Անդրադառնալով այդ ժամանակվա իրադրությանը՝ նա շեշտեց, որ բանակցային գործընթացը գնում էր մադրիդյան սկզբունքի շուրջ, քննարկվում էր այն մոտեցումը, որ հայկական կողմը վերադարձնում է որոշ շրջաններ, իսկ Ղարաբաղի վիճակը որոշվում է հանրաքվեով, որը պետք է ունենար իրավական ուժ։ «Սա եղավ հիմնական պատճառը, որ Ադրբեջանը գնաց նման քայլերի։ Այդ ժամանակ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռ, և Ռուսաստանը սանկցիաներ մտցրեց։ Թուրքիան պատերազմ հրահրեց, որպեսզի հարաբերությունները պարզի Ռուսաստանի հետ»։ Ըստ Վաղարշակ Հարությունյանի՝ Ադրբեջանը Ղարաբաղը վերադարձնելու խնդիր չէր դրել իր առաջ։ Նա դրել էր լոկալ հաղթանակի խնդիր, որպեսզի փոփոխի շփման գիծը։ «Մշակված էր լավ ծրագիր։ Հաջողությունները, որ ունեցավ Ադրբեջանը, եղան առաջին օրը։ Հետագայում, երբ հայկական կողմը պետք է անցներ հակահարվածի, Ադրբեջանը զինադադար խնդրեց։ Ռազմական հաջողության հասնելով՝ Ադրբեջանը ծրագրում էր բանակցային գործընթացներում նոր տարբերակ ներկայացնել և խուսափել մադրիդյան սկզբունքներից»։ Վաղարշակ Հարությունյանը նկատում է, որ Ադրբեջանի նպատակն է ստեղծել վախի մթնոլորտ, որպեսզի մենք մտածենք, որքան հնարավոր է շուտ լուծել ղարաբաղյան հարցն առանց զոհերի։