Սարգիս Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Հայաստանի ծանրամարտի հավաքականները չնայած չմասնակցեցին Բուխարեստում կայացած ծանրամարտի 2018թ Եվրոպայի առաջնությանը, սակայն մեդալակիրների թվում, այնուամենայնիվ, մեկ հայազգի մարզիկ հայտնվեց: Խոսքը վերաբերում է Սարգիս Մարտիրոսյանին, որը հանդես է գալիս Ավստրիայի դրոշի ներքո: 105 կգ քաշայինների մրցումներում մեր հայրենակիցը պոկում վարժությունում 182կգ արդյունքով փոքր ոսկե մեդալի նվաճեց: Հրում վարժությունում նա գրավեց 4-րդ տեղը, իսկ երկամարտի 384 կգ (182+202) արդյունքով ի վերջո զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ Եվրոպայի այս տարվա առաջնությանը չէին մասնակցում հակադոպինգային կանոնները խախտած ու մեկ տարով որակազրկված երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքիայի, Ադրբեջանի, Մոլդովայի ներկայացուցիչները: Աշխարհամասի առաջատար հավաքականների բացակության պայմաններում բոլորից հաջող հանդես եկավ Վրաստանի ընտրանին, որը 4 ոսկե մեդալ նվաճեց: Այնուհետեւ հաջորդում են Լեհաստանը (3), Իսպանիան (2), Գերմանիան, Շվեյցարիան, Լատվիան եւ Ալբանիան (1-ական):