Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մերձավոր Արևելքի հայությանը կոչ եմ անում տեղափոխվել». Գևորգ Յազըճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Gevorg-Yazjyan

Մերձավոր Արևելքում հայությունը հեռանկար չունի և միշտ վտանգի տակ է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը։ «Ինչ է սպասվում՝ չեմ կարող ասել, որովհետև տեղի են ունենում դինամիկ, անտրամաբանական թվացող զարգացումներ։ Ես ոչ միայն սիրիահայությանն եմ կոչ անում, այլ նաև համեմատաբար իբրև թե անվտանգ թվացող Մերձավոր Արևելքի մյուս հայկական գաղութներին՝ Եգիպտոսին, Հորդանանին, Լիբանանին, կամաց-կամաց լուծարել իրենց ունեցվածքներն ու տեղափոխվել, որովհետև այդ երկրներում հեռանկար չունի հայությունը»։ Պատմաբանը նկատում է՝ հայերը մշտապես լինելու են վտանգված կրոնական խտրականության առումով։ Ըստ նրա՝ այս երկրներում հայերին պահում է միայն աշխատանքը։ «Նրանց պահում է մեկ գրավչություն, որը խաբուսիկ է։ Նրանք այդտեղ են փող են աշխատում, բայց կարծում եմ եթե գան Հայաստան, նրանցից որևէ մեկը աղբանոցից շշեր չի հավաքի։ Կարող են նաև նեղություններ կրել, այսօր բոլորն էլ մի տեղից մյուսը տեղափոխվելիս նեղություններ կրում են, բայց ի վերջո Հայաստանում ունենք որոշակի առավելություններ, որոնք մեր տեղացի հայրենակիցերը չեն գիտակցում, որովհետև չեն կորցրել որպեսզի իմանան դրա արժեքը։ Հայաստանում ընդհանրապես չկա կրոնական և ազգային խտրականություն»։ Գևորգ Յազըճյանը կարծում է, որ հայկական գաղթօջախների ժողովուրդը պետք է առանց լսելու իրենց ղեկավարների կեղծ կոչերին հեռանան այդ վայրերից։ «Ասում են, որ մենք պիտի մնանք այստեղ, մենք եկեղեցիներ ունենք, ինչ-որ կառույցներ ենք ստեղծել։ Ու՞մ համար ենք ստեղծել, պետք է հասկանանք, որ ինչքան էլ այնտեղ ապրենք, նույնիսկ եթե քաղաքացի լինենք, այդ երկրները մեր հայրենիքը չեն և չեն էլ կարող լինել»։